Իրանը վերահաստատում է այն ուղեգիծը, որ կար հանգուցյալ նախագահի ծրագրերում․ վերլուծաբանն անդրադարձել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի ուղերձին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չափազանց կարևոր է, որ Հայաստանն Իրանի համար այս ողբերգական օրերին երկրի նախագահի, արտգործնախարարի և նահատակված մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հուղարկավորությանը ներկայացել է ամենաբարձր մակարդակով՝ վարչապետի գլխավորությամբ, ինչը հերթական անգամ ընդգծում է երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունների կարևորությունը և դրանց առաջնայնությունը երկու կողմերի համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արևելագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով նաև Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի դիտարկումներին՝ կապված հայ-իրանական հարաբերությունների հետ, որոնք հոգևոր առաջնորդը հնչեցրել է Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Միանշանակ է, որ նման ուղերձի հնչեցմամբ՝ իրանական կողմը հետապնդում է մի քանի նպատակ։ Հոգևոր առաջնորդի ուղերձը միաժամանակ ունի մի քանի հասցեատեր․ առաջին հերթին դա ուղղված է Հայաստանին, որի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդն արտահայտել է կարևոր դիրքորոշում։ Հայ-իրանական հարաբերություններն ընդլայնելու ուղերձն ուղղված է նաև երկու երկրների հակառակորդներին, տարածաշրջանի ոչ բարեկամ պետություններին, որոնք, օգտվելով իրավիճակից, իրենց հաշվարկներում Իրանի համար այս բարդ ժամանակահատվածում կփորձեն առաջ մղել իրենց ծրագրերը, որոնք կարող են խնդրահարույց լինել ու հակասել թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համատեղ շահերին»,- ասաց Պետրոսյանը։

Վերլուծաբանը հավելեց, որ Ալի Խամենեիի ուղերձից բխում է այն կարևոր դրույթը, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման առումով Հայաստանում չպետք է լինի որևէ անորոշություն և մտահոգություն Ռայիսիի կառավարության ստանձնած պարտավորությունների և ընդհանուր առմամբ Իրան-Հայաստան հարաբերություններում սկզբունքային ուղղությունների առաջմղման առնչությամբ։

«Իրանական կողմը վերահաստատում է այն ուղեգիծը, սկզբունքներն ու պատրաստակամությունը, որ կար հանգուցյալ նախագահի ծրագրերում»,- ասաց Պետրոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտնել է, որ հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ մեծ զգայունություն ուներ, և այդ զգայունությունն ու ուշադրությունը պետք է շարունակ հաշվի առնել։ Իրանի հոգևոր առաջնորդը հավաստիացրել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոհամմադ Մոխբերի առաջնորդությամբ։

Մանվել Մարգարյան

Հայերեն فارسی

Մեքսիկան զինվորականների կներգրավի ԱՄՆ-ի հետ սահմանի պահպանության ուժեղացմանը

ԱՄՆ-ն կասեցրել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի սահմանումը

Ռումինիայի նախագահը հերքել է իր վաղաժամկետ հրաժարականի մասին լուրերը

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ

Սերբիայի նախագահը ուսանող ցուցարարներին առաջարկել է փետրվարի 5-ին բանակցություններ սկսել

Վրաստանի ընդդիմությունը բռնապետության սպառնալիք է որակել երկրի օրենսդրության հնարավոր խստացումը

Մոլդովայում պահանջել են հետաքննել USAID-ի գործունեությունը

ՕՊԵԿ+-ի երկրների կոմիտեի նախարարները որոշել են չփոխել նավթի արդյունահանման ընթացիկ քաղաքականությունը

Արմավիր մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել

Հայտնի են համահայկական խաղերի ձնամարտի մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները