Տնտեսություն

Գերժամանակակից գործարանի բացումը ներդրումային խոշոր նախագծի ավարտն է․ Դավիթ Երեմյան

8 րոպեի ընթերցում

Գերժամանակակից գործարանի բացումը ներդրումային խոշոր նախագծի ավարտն է․ Դավիթ Երեմյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի մաս կազմող «Երեմյան Ֆարմ»-ի, Եվրասիական զարգացման բանկի և ՀՀ Կառավարության միջև 2022 թվականին ստորագրված եռակողմ համաձայնագրով մեկնարկեց ներդրումային խոշոր ծրագիրը, որի շրջանակում Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվեց անասնապահական խոշոր համալիր։ Ներդրումային ծրագրով նախատեսված էր նաև Երևանում կաթի վերամշակման գործարանի կառուցումը, որի բացումը տեղի կունենա շուտով։

Ի՞նչ տեխնոլոգիաներ, սարքավորումներ, լաբորատորիաներ ու բաժիններ, առանձնահատկություններ և հնարավորություններ ունի գործարանը․ այս ամենի մասին կարող եք կարդալ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ հարցազրույցում։

Ներդրումային խոշորագույն նախագիծը հաջողությամբ իրականացվել է

Ընդամենն ամիսներ առաջ Լոռու մարզի Տաշիր համայնքում գործարկեցինք Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ու եզակի ֆերման, որի կառուցումը 2022 թվականի օգոստոսին կնքված միջազգային եռակողմ ներդրումային համաձայնագրով մեկնարկած ծրագրի առաջին փուլն էր։ Գործարանի կառուցումն արդեն վերջին փուլն է, և մենք կարող ենք հայտարարել ծրագրի ամբողջական ավարտի մասին։

Ինչպես բազմիցս նշել եմ, այս նախաձեռնությունն իր մասշտաբներով աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել, ընդամենը մեկ-երկու թիվ նշեմ՝ 1․5 տարում 35 հեկտար տարածք զբաղեցնող ֆերմերային տնտեսություն, որից 70 հազար քառակուսի մետրը շենք-շինություն է։ Տավարաբուծական ֆերման ապահովելու է տարեկան մոտ 20 հզ տոննա կաթ, կամ՝ 40-50 տոննա օրական։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել այս ամենը․ ծրագրի կողմերին՝ ՀՀ Կառավարությանը, Եվրասիական զարգացման բանկին, մեր գործընկերներին, իհարկե, մեր թիմին, որի ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի արդյունքն է սա։

Ծրագրի կողմերի մասին ես այսօր վստահաբար խոսում եմ ոչ թե որպես գործընկերներ, այլ որպես համախոհներ։ Մենք, իսկապես, միասին մեծ, բարդ ու երկար ճանապարհ ենք անցել, որը միտված է եղել Հայաստանում կաթարտադրության և գյուղատնտեսության զարգացմանն ու դրանք նոր մակարդակի հասցնելուն։ Եվ եթե չլիներ մեր նպատակասլացությունն ու երբեմն անիրատեսական թվացող հավակնոտ գաղափարը և, իհարկե, կողմերի վստահությունը մեր հանդեպ, այս ամենն իրականություն չէր դառնա։

photo 2.jpg (362 KB)

Գործարանը գերժամանակակից է, ISO չափանիշներին համապատասխան

Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնել Հայաստանում զարգացնել ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ՝ արտադրել ու մատակարարել որակով կաթ, ձևավորել կաթի սպառման նոր մշակույթ։ Որակյալ կաթի արտադրության գործընթացում շատ կարևոր է կաթի պատշաճ վերամշակում իրականացնելը, իսկ դրա համար առաջնայինը պայմաններն են։ Այս գործարանի շնորհիվ մենք կարող ենք վստահաբար ասել, որ արտադրում ենք ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կաթ ու կաթնամթերք։

Գործարանը կառուցվել է ISO 22000։2018 ստանդարտներին համապատասխան, որը ներառում է օդի և տարածքի մաքրությունը, աշխատանքային բոլոր գործընթացների արդյունավետ կառավարումը, հիգիենայի վերահսկման մեխանիզմները և այլն։ Գործարանի նախագծումն իրականացվել է սննդամթերքի անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչպես նաև հաշվի է առնվել GMP արտադրական լավագույն փորձը։ Այս պահանջներից ելնելով՝ խաչաձև աղտոտումը կանխարգելելու նպատակով, խիստ առանձնացված է յուրաքանչյուր գործընթացի տարածքը․ գործարանն ունի շուրջ 70 առանձնացված բաժիններ, որոնցից յուրաքանչյուրում իրականացվում է խստագույն վերահսկողություն։

photo 3.JPG (325 KB)

Գործարանի ողջ տարածքն ունի օդափոխության կենտրոնացված համակարգ, որի շնորհիվ արտադրական տարածքներն ապահովված են մանրէազերծված մաքուր օդով և համապատասխան ջերմաստիճանով։ Գործարանը կառուցված է այնպես, որ աշխատակիցները և առկա բոլոր հանգույցները չեն առնչվում դրսի և արտաքին օդի հետ․ գործարանն ունի աշխատակիցների համար նախատեսված ճաշարան, ծխարան, բուժկետ։

Ունենք 3 առանձնացված լվացման կայաններ՝ առանձին բաժինների սարքավորումների լվացման համար։ Գործարանը հագեցած է եվրոպական, ծրագրային հետագծելությամբ ապահոված ժամանակակից ավտոմատ սարքավորումներով։ Նման տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ապահովել փակ ցիկլով արտադրությունը։ Գործարանում նվազագույնի է հասցված մարդկային գործոնի ազդեցությունը։ Այսօր մենք վստահաբար փաստում ենք, որ «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթնամթերքն արտադրվում է ամբողջական փակ ցիկլով։

Գործարանի նախագծման և կառուցման ընթացքում խորհրդակցել ու համագործակցել ենք եվրոպական առաջատար ընկերությունների ու մասնագետների հետ, որոնց ևս շնորհակալ ենք մեզ հետ իրենց փորձը կիսելու համար։

4 լաբորատորիայով R&D կենտրոնը գործարանը դարձնում է Հայաստանում եզակի

Կաթի հետ աշխատելիս որակի վերահսկումը գերկարևոր է, դրա համար էլ գործարանը հագեցած է նաև հատուկ սարքավորումներով 4 լաբորատորիաներով, որոնց շնորհիվ մենք վերահսկելու ենք արտադրության յուրաքանչյուր փուլ՝ սկսած կաթի ստացումից մինչև պատրաստի արտադրանքի փաթեթավորումն ու տեղափոխումը սպառման կետեր։ Սա Հայաստանում կաթնամթերքի արտադրության այն եզակի գործարաններից է, որն ունի Հետազոտության և Զարգացման (R&D) կենտրոն։ Այսինքն մենք ոչ միայն ստուգելու և վերահսկելու ենք, այլև տեղում ուսումնասիրություններ, փորձեր ենք կատարելու, մեր սպառողներին անընդհատ ներկայացնելու ենք նոր արտադրատեսակներ ու նոր համեր։ Գործարանը մեզ հնարավորություն է տալու արտադրել օրական մինչև 100 տոննա կաթնամթերք։

«Երեմյան Փրոդաքթս»-ը կհամալրվի շուրջ 50 անուն ապրանքատեսակով, կունենա եվրոպական պանիրների սեփական արտադրություն

Մեր արդեն առկա արտադրատեսակների համն ու որակը փորձելուց հետո սպառողներն իրենք են սկսում պահանջել կաթնամթերքի նոր տեսականի։ Այս գործարանը միանշանակ հնարավորություն է տալու բազմապատկել արտադրական հզորությունն ու նոր, յուրահատուկ տեսականի ներկայացնել։ Շուրջ 50 տեսակ նոր կաթնամթերք ենք ունենալու, որից 32-ը լինելու են բոլորիս քաջ հայտնի եվրոպական պանիրների տեսակներ՝ մեր իսկ արտադրությամբ։ Քանի որ Հայաստանում նման փորձառություն չկա, մենք համագործակցում ենք իտալացի և ֆրանսիացի առաջատար մասնագետների հետ, որպեսզի տեղայնացնենք միջազգային լավագույն փորձը։ Մեր մասնագետներն ու թիմակիցներն անցնում են վերապատրաստումներ, անընդհատ սովորում և կատարելագործում իրենց հմտությունները։Արդեն ներկայացրել ենք մեր սերուցքային կարագը, որը պատրաստում ենք հատուկ տեխնոլոգիայով, ամբողջությամբ բնական հումքից՝ մեր ֆերմայի բարձրակարգ կաթից։

photo 4.JPG (113 KB)

Վստահաբար, կարող եմ ասել, որ մեր արտադրանքը, եթե չի գերազանցում, ապա ոչնչով չի զիջում եվրոպական արտադրանքին։ Մենք այսօր հայտարարում ենք ներդրումային խոշորագույն ծրագրի ավարտը, որով մեկնարկելու ենք մեր մյուս ռազմավարությունը՝ հայկական բարձրորակ արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելը։ Այս պահից մենք սկսում ենք աշխատել այդ նպատակի իրականացման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում