Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր
2 րոպեի ընթերցում
![Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137516.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Արայիկ Մնացականյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու (17-րդ դար) պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:
Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը. «ՀՀ կառավարության համար առանցքային քաղաքականություն է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը հատկապես մշակույթի ոլորտում, ինչի արդյունքում շահում է միայն մեր մշակութային ժառանգությունը: Լիահույս եմ՝ Ձեր օրինակով դեռ բազմաթիվ հուշագրեր կկնքենք՝ ի նպաստ ՀՀ հուշարձանների պահպանության»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ բարերար Արայիկ Մնացականյանը նշել է՝ որպես Աղավնաձոր համայնքի բնակիչ՝ վաղուց էր նախաձեռնել եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացումը, և հուշագիրը հնարավորություն կտա այդ ուղղությամբ կանոնակարգված աշխատելու:
Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման նախագիծը հաստատվել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել և ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում՝ բարերարի ֆինանսական միջոցներով: