Քաղաքականություն

ՀՀ-ն պետք է համակ ուշադրությամբ հետևի տարածաշրջանային իրադարձություններին և ունենա պատրաստի սցենարներ․ վերլուծաբան

8 րոպեի ընթերցում

ՀՀ-ն պետք է համակ ուշադրությամբ հետևի տարածաշրջանային իրադարձություններին և ունենա պատրաստի սցենարներ․ վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Իրանի ժողովրդին պատուհասած օդային աղետը Հայաստանին նույնպես մեծ ցավ է պատճառել, որովհետև հատկապես Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայ ժողովրդի մեծ բարեկամներն էին և աչքի էին ընկնում հայամետ դիրքորոշումներով՝ փորձելով միշտ համադրել Իրանի և Հայաստանի շահերը բավականաչափ զգայուն հարցերի շրջանակում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ օդային աղետի պատճառի մասին դեռ պաշտոնական եզրակացություն չկա, դեռ շարունակվում է ողբերգության հանգամանքների մանրազնին ուսումնասիրությունը, բայց քանի դեռ պաշտոնական գնահատական չի հնչել, ցավալի լուրի տարածումից սկսած մինչև այս պահը ականատես ենք լինում, թե ինչպես է նույնիսկ նման միջադեպն օգտագործվում քարոզչական նպատակներով։

«Բազմաթիվ հակաիրանական դերակատարներ, հատկապես Իսրայելն ու նրա տարբեր գործընկերները, տարածաշրջանում փորձում են ավիավթարն օգտագործել իրենց խնդիրներն առաջ տանելու համար։ Օրինակ՝ հենց լուրի տարածումից հետո տեսանք, թե ինչպես իսրայելական տարբեր աղբյուրներ սկսեցին ցույց տալ աղետի հնարավոր հետևանքները, թե ինչպես էին Իրանի ներսում ոմանք ցնծում՝ տարբեր քաղաքներում այդ լուրը ստանալով, թե ինչպես են անհանգստացած իշխանությունները զինված ուժեր տեղակայում բնակավայրերում՝ անկառավարելի իրավիճակներին դիմակայելու նպատակով։ Անգամ որոշները փորձում էին ցույց տալ, որ այս գործողությունն իրականացվել է իսրայելական հետախուզության կողմից՝ գուցե առանց խորանալու հնարավոր հետևանքների մեջ։ Այս թեզում, որը նախ դուրս եկավ Իսրայելից, հետո որոշակի զարգացում ստացավ հենց Իրանի ներսում ու նաև տարածաշրջանում, հաշվի էր առնվում նաև այն հանգամանքը, որ վթարից առաջ Ռայիսին հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Ընդ որում՝ հղում էր արվում այն իրողությանը, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած և Իրանի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իսրայելական ներկայությունն ավելի է մեծացել, ուստի կա հավանականություն, որ այդ գործողությունն իրականացրած լինեն հենց իսրայելական հատուկ ծառայությունները»,- նշեց Պետրոսյանը։

Նա վկայակոչեց Իրանի հեռուստատեսության և ռադիոյի կայքում զետեղված փորձագիտական կարծիքներից մեկը, որում տեղի ունեցածը նույնպես կապվել էր իսրայելական Մոսադի գործունեության հետ։

«Քանի որ անորոշությունը բավականին մեծ էր, տարբեր աղբյուրներ հաճախ ներկայացնում էին իրար հակասող տեղեկատվություն։ Ինքս կարդացել եմ այնպիսի վերլուծություն, ըստ որի ուղղաթիռը պայթել է օդում, իսկ դա արդեն հստակ կարող է լինել որոշակի գործողության հետևանք։ Այսինքն՝ մինչև հիմա, և հետաքննության ընթացքում էլ, բնականաբար, դիտարկվելու է միտումնավոր կերպով իրականացված գործողության վարկածը, որովհետև պետք է գիտակցել, որ սա Իրանի համար իր ազգային անվտանգության հետ կապված լրջագույն խնդիր է՝ հաշվի առնելով, որ տևական ժամանակ մեծ լարվածություն կա Իրանի ու Իսրայելի միջև։ Ընդամենը մեկ ամիս առաջ կողմերը փոխադարձաբար թիրախավորեցին միմյանց տարածքները, հետևաբար տեղի ունեցածը վստահաբար կարելի է գոնե քարոզչական դաշտում այս պահին տեղավորել այդ տրամաբանության մեջ, մանավանդ որ Իրանի սահմանակից երկրներից մեկի՝ Ադրբեջանի տարածքից Իսրայելն ունի նման գործողություն իրականացնելու հնարավորություն»,-ասաց Պետրոսյանը։

Վերլուծաբանը դիտարկեց նաև արտասահմանյան ԶԼՄ-ներում, հատկապես ռուսական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել էր։

«Միջազգային լրահոսում նշվում էր նաև, որ այդ այցը չեղարկվել է Ռայիսիի կողմից Ադրբեջան մեկնելու նպատակով։ Ադրբեջանը բազմիցս իր քաղաքականությամբ ցույց է տվել, որ տարածաշրջանում իրենք են թելադրողը և կարող են ազդել օրակարգերի վրա։ Գուցե, Ալիևը նախապես նման ծրագրված քայլ է կատարել, և հաշվի առնելով, թե ինչպիսի հարևան ունենք, չի բացառվում, որ իրականում նման ծրագիր եղած լիներ։ Իսրայել-Ադրբեջան փոխգործակցության հանգամանքն առաջ մղող որոշ շրջանակներ կատարում են շեշտադրում, որի համաձայն՝ պետք է Իրանի նախագահն այցելեր Հայաստան, որը չեղարկվել է Ալիևի պնդմամբ, և Ռայիսիի ու նրան ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին։ Այստեղ դավադրապաշտները գուցե տեսել են Ադրբեջան-Իսրայել համագործակցություն, որի հետևանքով տեղի է ունեցել զգայացունց աղետը, հետևաբար այս թեզը նույնպես ակտիվորեն նետվել է դաշտ և մինչ այս պահն էլ շրջանառության մեջ է»,- նշեց մեր զրուցակիցը։

Պետրոսյանը վկայակոչեց նաև Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն։ Նա հավելեց, որ օդային աղետի լուրի տարածումից հետո բոլորն ականատես եղան հսկայական քարոզչական, հիբրիդային բազմաշերտ գրոհների միաժամանակ մի քանի ուղղությամբ, և չի բացառվում, որ այդ տեղեկատվությունը շրջանառվեց և հետագայում օգտագործվեց ինչ-ինչ նպատակների համար։

«Մեր բարեկամ Իրանն ունի պետականության բավականին հարուստ ավանդույթներ, ուստի կառավարական համակարգն իր հերթին ունի փորձությունները հաղթահարելու լուրջ հետագիծ։ Դատելով այդ հանգամանքից՝ վստահաբար կարող ենք ասել, որ տվյալ իրավիճակը նույնպես կկառավարվի։ Մյուս կողմից այն անկայուն ու անորոշ իրավիճակը, որում գտնվում է մեր տարածաշրջանը, թույլ է տալիս տարբեր միջադեպեր կամ հակամարտություններ հրահրել։ Այդ առումով Իրանի հակառակորդների կողմից միանշանակ փորձ է արվելու այս միջանկյալ ժամանակահատվածում ինչ-որ կերպ ազդել ներիրանական պրոցեսների վրա՝ ձգտելով հրահրել զանգվածային բողոքի գործողություններ ու քարոզչական նպատակով շրջանառել տարաբնույթ վարկածներ անգամ դավադրությունների տեսությունից՝ իրանական հասարակության տարբեր շերտերին իրար դեմ հանելու ցանկությամբ»,- ասաց քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ Իրանն ամենակարևոր դերակատարն է մեր տարածաշրջանում, հատկապես Հայաստանի հարավում այսպես կոչված միջանցքի հետ կապված թուրք-ադրբեջանական ծրագրին խոչընդոտ հանդիսանալու, այդ նպատակը չեզոքացնելու առումով, հետևաբար չի բացառվում, որ Իրանի զբաղվածությունը ներքին խնդիրներում օգտագործեն և որոշակի ակտիվություն նկատվի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, որքան էլ որ հիմա գործընթացները կենտրոնացած են Տավուշի մարզում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների վրա։ Պետրոսյանի խոսքով՝ ՀՀ-ն պետք է համակ ուշադրությամբ հետևի տարածաշրջանային իրադարձություններին և ունենա պատրաստի սցենարներ՝ ցանկացած զարգացման հավուր պատշաճի արձագանքելու համար։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը մայիս 19-ին վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Մանվել Մարգարյան

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Քաղաքականություն

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Գաբրիել Աթալն ընտրվել է նախագահ Մակրոնի «Վերածնունդ» խմբակցության նախագահ

Քաղաքականություն

Գաբրիել Աթալն ընտրվել է նախագահ Մակրոնի «Վերածնունդ» խմբակցության նախագահ

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Քաղաքականություն

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Ղարաբաղի հայերը ոչ կամավոր են լքել իրենց տները, պետք է կարողանան վերադառնալ. ԻԻՀ դեսպան

Քաղաքականություն

Ղարաբաղի հայերը ոչ կամավոր են լքել իրենց տները, պետք է կարողանան վերադառնալ. ԻԻՀ դեսպան

Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ Միրզոյան

Նիդեռլանդների խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Իջևան

Քաղաքականություն

Նիդեռլանդների խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Իջևան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում