Տարածաշրջանային

Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների

2 րոպեի ընթերցում

Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահի պարտականությունները ստանձնած առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը նախագահի Էբրահիմ Ռայիսիի զոհվելու մասին հայտարարությունից հետո արտակարգ նիստ է անցկացրել օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի աշխատել՝ իր պարտականությունները կատարելով առանց ընդհատումների, և «Ռայիսիի ծառայությունը չի ավարտվի»։

Համաձայն Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ նախագահական նոր ընտրությունները պետք է կազմակերպվեն 50 օրվա ընթացքում` երկրի նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարության և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին փոխանցելու պահից։

Առաջին փոխնախագահը՝ Մոհամմադ Մոխբերը, որպես նախագահի պաշտոնակատար, կգլխավորի երեք անձից բաղկացած խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում նաև Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակը և դատական իշխանության ղեկավարը։ Խորհուրդը պետք է կազմակերպի նախագահական նոր ընտրությունները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում