ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ շարժման առաջնորդ, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ավտոերթով շարժվել են դեպի Տավուշի մարզի Կիրանց բնակավայր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավտոերթը մեկնարկել է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասից։
Մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային ևօպերատիվ անհրաժեշտությունից՝ Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։