Տնտեսություն

«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել  ֆինանսական գրագիտության թեմայով

4 րոպեի ընթերցում

«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել  ֆինանսական գրագիտության թեմայով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, թե ինչ է բյուջեն, ինչպես են այն արդյունավետ կառավարում, խնայում և ապահովագրում ռիսկերը», - կարծիք է հայտնել միջազգային ծրագրերի փորձագետ, խորհրդատու, վերապատրաստման փորձագետ Րաֆֆի Օհաննեսիանը։

Ի՞նչ պետք է իմանալ ֆինանսների և դրանց արդյունավետ կառավարման մասին, ինչպե՞ս ճիշտ ներդրումներ կատարել ու ինչպե՞ս «շահող» դուրս գալ ճգնաժամային իրավիճակներում․ այս և մի շարք այլ հարցեր են քննարկվել «Ֆասթ Շիֆթ»-ի կողմից Fastexverse վիրտուալ տարածքում կազմակերպված «Ֆինանսական գրագիտություն» թեմայով առաջին վիրտուալ հանդիպմանը։

Ըստ Րաֆֆի Օհաննեսիանի՝ ֆինանսական գրագիտությունն սկսվում է կարիքներն ու ցանկությունները տարբերակելուց․ «Կարևոր է հասկանալ, թե մենք որքան եկամուտ ունենք, որքան ենք ծախսում և խնայում։ Եվ դա պետք է սովորեցնել երեխաներին փոքրուց»։ Փորձագետն օրինակ է բերում բյուջեն կառավարելու 50/30/20 մոդելը, ըստ որի՝ եկամուտի 50 տոկոսը կարելի է տրամադրել առօրեական ծախսերին, 30 տոկոսը՝ ցանկությունների ծախսերին, իսկ 20 տոկոսը՝ խնայել։

Մասնագիտությամբ դիզայներ Արտավազդ Կլեկչյանը, ով հանդիպմանը հանդես է եկել որպես ազատ փորձագետ, նշել է, որ ժամանակ առ ժամանակ դժվար է հասկանալ առաջնային և երկրորդական ծախսերը։ ԵՊԲՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանն արձագանքել է․ «Մեր ներքին երեխան ուզում է, որ մենք իր համար լավ բան անենք, իհարկե դա կարևոր է անել, բայց նա նաև կարիք ունի, որ մենք հասուն կողմ ունենանք, որի վրա ինքը կարողանա հենվել։ Իսկ այդ հասուն կողմ ունենալը ենթադրում է խելամիտ լինել և խնայողություն ունենալ, ինչն էլ ապահովագրության զգացողություն է տալիս»։

Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունն սկսում է ընտանիքից. պետք է և պարտադիր է երեխաների հետ խոսել ֆինանսներից․ «Բացի դպրոցից, ընտանիքը ևս անելիք ունի, օրինակ՝ երեխային տանը փոքրիկ աշխատանք անելու դիմաց սիմվոլիկ գումար կարելի է տալ, կամ եթե որևէ բան է ցանկանում՝ բյուջե տրամադրել, որ դու ունես այսքան գումար, որոշի՛ր, թե ինչ ես ուզում։ Երեխաների համար կարևոր է նաև հասկանալ, որ դա ընտրություն է, և այստեղ դու որոշ բան պետք է զոհաբերես», - ասել է Նունե Վարդանյանը։

Մեդիափորձագետ Մանե Բարեղամյանը, անդրադառնալով սոցհարթակներին, հայտնել է, որ ներկայում ուղերձներ են հնչում, թե պետք չէ մտածել խնայելու մասին, այլ՝ կենտրոնանալ բյուջեն մեծացնելու վրա։ Հոգեբան Նունե Վարդանյանը համարում է, որ այդ ուղերձները տագնապ են հարուցում մարդկանց մտքում․ «Հասուն կյանքում դա չի աշխատում, բնականաբար մենք պետք է հավատանք, որ արժանի ենք շատ գումար աշխատել, բայց պետք է որոշակի բաներ անենք դրա համար»։

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ֆինանսները բաշխելիս պետք է առաջնորդվել ոսկե միջինով, զերծ մնալ իմպուլսիվ ծախսերից և առաջնորդվել բյուջեն կառավարելու որևէ մեխանիզմից։ Բանախոսները զրուցել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների առավելությունների և դրանց՝ ֆինանսական վարքի և գրագիտության վրա ազդեցության մասին։

Հանդիպման տեսաձայնագրությունն ամբողջությամբ հնարավոր է դիտել «Ֆինանսական գրագիտության» մասին առաջին՝ վիրտուալ հանդիպումը հղումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում