ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում գործող բոլոր թանգարաններն ինչպես միշտ, այս տարի ևս, առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ողջ օրվա ընթացքում մարդաշատ էին բոլոր թանգարանները․ յուրաքանչյուր թանգարան փորձում է տարբերվող ու մեկը մյուսից հետաքրքիր ծրագիր ներկայացնել գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին։
Ավետիք Իսահակյանի հուշատուն թանգարանում, արդեն մոռացված, բայց վարպետի մանկության սիրած խաղի՝ «Ճանդ՝ աջ, գործդ՝ առաջ» ճանի առաջնություն էր։ Թանգարանի հյուրերը նախ ծանոթացան այն բակային խաղի կանոններին, որը փոքրիկ Ավիկի սիրած խաղն էր ու որն իր շուրջ հենց նույն բակում համախմբում էր սերնդակիցներին՝ Իսահակյանին, Մերկուրովին և Գյուրջիևին։ Օրվա ընթացքում թանգարանի բակում պարտաստվեց նաև վարպետի սիրած արիշտան ու կաթով սուրճը։ Իսահակյանական ընթերցումներից ու երաժշտական կատարումներից ևս անմասն չէ այսօր թանգարանը։
«Թանգարանային գիշերը սպասված է բոլորի համար։ Մեզ համար տոն է ու յուրահատուկ ենք պատրաստվում։ Այս անգամ որոշեցինք ներկայացնել Վարպետի սիրած ճաշատեսակն ու սուրճով թեյը, նաև խաղը՝ ճանը։ Ճիշտ է, դա ալեքպոլյան խաղ չէ, այլ գյուղական, բայց, քանի որ Վարպետը շատ է եղել Ղազարապատում, շատ է սիրել ու խաղացել է այդ խաղը։ Մենք էլ որոշեցինք հիշեցնել այդ խաղի մասին»,-պատմում է հուշատուն թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը։
Հուշատուն թանգարանի հարևանությամբ՝ Շիրազի թանգարանում՝ ֆոնդային նյութերի ցուցադրություն, դուդուկահարների դպրոցի համերգ էր: «Գունդ անեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ» խորագրի շուրջը համախմբվող թանգարանի հյուրերն ու այցելուները թարմ թխված հացը ժողովրդական խաղիկների ուղեկցությամբ վայելելու հնարավորություն ունեցան։
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում «Փարաջանով-100» պարային իմպրովիզացիան էր, Մերկուրովի նկարչական դպրոցի սաների ցուցահանդեսը, ինչպես նաև կավագործության վարպետության դաս։
Գյումրու թանգարանները կաշխատեն անվճար՝ մինչեւ կեսգիշեր:
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո։