ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 17-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց առաջիկա օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 17-ին ուսանողների մասնակցությամբ բաց դաս է անցկացրել Երևանի պետական համալսարանի բակում, այնուհետև հանդիպել մի խումբ բժիշկների և դասախոսների հետ։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ այս մեկ շաբաթում նպատակ ուներ հանդիպել բոլոր մասնագիտական համայնքների ներկայացուցիչների հետ։ Նա հայտնեց, որ մայիսի 18-ին հանդիպում կունենա քաղաքական կուսակցությունների և տարբեր այլ խմբերի ներկայացուցիչների հետ, ապա մշակութային գործիչների, ինչպես նաև նախկին սպաների հետ։
«Բոլորի հետ հանդիպելուց հետո շուտով մեծ հանրահավաք ենք կազմակերպելու, և որոշակիորեն ասելու ենք, թե ինչ է տեղի ունենալու»,-ավելացրեց նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը կրկին խոսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին՝ պահանջելով կասեցնել այն։
«Շարժմանն անընդհատ ուզում են քաղաքական գունավորում տալ, թո՛ղ տան, ինձ համար կարևոր չէ: Ստորացման, նվաստացման խորհուրդը պետք է վերանա մեր կյանքից: Մենք ապաքինման, խնամքի, լայն հասարակական հաշտության կարիք ունենք, և այդ խոչընդոտը պետք է վերացվի»,-ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջորդ հավաքը տեղի կունենա նույն վայրում՝ մայիսի 18-ին ժամը 19։00-ին։