Քաղաքականություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան

4 րոպեի ընթերցում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու առաջարկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ստացել, իշխող ուժը նման հարց օրակարգում չունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու նպատակով։

«Նախ ասեմ, որ այդպիսի առաջարկ չի եղել։ Եվ երկրորդը՝ այն օրակարգը, որը Դուք ասացիք, բնականաբար, որևէ քննարկման չի կարող դրվել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով ձևավորել են իշխանություն, խորհրդարան և խորհրդարանը ձևավորել է կառավարություն, կառավարությունը ունի ղեկավար և Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական լեգիտիմ ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով։ Հաջորդ ընտրությունները 2026 թվականին են։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և խմբակցությունը որևէ պարագայում չեն պատրաստվում այդ հարցը որևէ մեկը քննարկել»,- ընդգծեց Խանդանյանը։

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվե՞լ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժման հետ կապված հարցը, Խանդանյանը պատասխանեց, որ վարչապետի հետ հաճախ են լինում հանդիպումներ, բայց այդ հարցով քննարկում չի եղել։

Մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ կքննարկեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի միջոցով անվստահություն հայտնելու հարցը։

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են նոր վարչապետի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները բավարար չեն նման որոշման նախագիծ ներկայացնելու համար․ երկու խմբակցությունները միասին 36 պատգամավոր ունեն, անվստահության գործընթաց սկսելու համար նրանց անհրաժեշտ է ևս մեկ ձայն։ Բագրատ արքեպիսկսպոս Գալստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ անհրաժեշտ մեկ ձայնն ապահովելու համար հանդիպում է ունեցել ԱԺ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ (Իշխան Զաքարյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակով, սակայն հետագայում հայտարարել էր խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին), սակայն այլ մանրամասներ հանդիպման վերաբերյալ չէր հայտնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում