Հասարակական

Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետության, Էկոլոգիական անցումների և տարածքային համաչափ զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության միջև ավիացիայի ոլորտում տեխնիկական համաձայնագիրը»։

Համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավման, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում