Տարածաշրջանային

Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մայիսի 13-ին կայցելի Թուրքիա։ Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը ներկայիս 6 մլրդ դոլարից 10 մլրդ դոլարի հասցնելու քայլերը։

Բանակցությունների օրակարգում են նաև Արևմտյան Թրակիայում թուրք փոքրամասնության և Հռոդոսում, Կոսում և Սալոնիկում էթնիկ թուրքերի իրավիճակին վերաբերող հարցեր։ Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունենալու Էգեյան ծովի հունական 10 կղզիներ մուտք գործող Թուրքիայի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգի վերաբերյալ, որը ներդրվել է մարտի 30-ին։

Կողմերը կքննարկեն այս գործընթացը շարունակելու ուղիները։ Թուրքական կողմը մտադիր է Աթենքին տեղեկացնել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների, առաջին հերթին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Ի հավելումն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստան կատարած այցի ընթացքում տարբեր ոլորտներում ստորագրված 15 համաձայնագրերին, ակնկալվում է, որ այս հանդիպման ժամանակ կստորագրվեն համագործակցության հուշագրեր՝ առողջապահության, աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում։ Ակնկալվում է, որ հանդիպման ավարտին Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում