Հայաստանում աճել են տարբեր աղբյուրներից ֆինանսավորվող շինարարական աշխատանքների ծավալները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում շինարարության ընդհանուր ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11.7 տոկոսով՝ կազմելով 72 մլրդ 195.4 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Այս տարվա մարտին 13.1 տոկոսով գերազանցվել է 2023-ի նույն ամսվա ցուցանիշը: 2024 թվականի գարնան առաջին ամսին երկրում կատարվել է 30 մլրդ 638.2 մլն դրամի շինարարություն:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 3.9 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գնահատվելով 7 մլրդ 976.1 մլն դրամ: Դա հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 11 տոկոսն է: Ընդ որում՝ այս տարվա մարտին պետական միջոցներով իրականացվել է 22.7 տոկոսով ավելի շատ շինարարական աշխատանք (3 մլրդ 271.5 մլն դրամի), քան ուղիղ մեկ տարի առաջ:
Համայնքների միջոցներով տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 2 մլրդ 836.7 մլն դրամի շինաշխատանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 29.1 տոկոսով: Դա ընդհանուր ծավալի 3.9 տոկոսն է: Այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 2.5 անգամ՝ կազմելով 1 մլրդ 182.1 մլն դրամ:
Մարդասիրական օգնության միջոցներով 2024-ի առաջին երեք ամիսներին իրականացվել է նախորդ տարվա առաջին եռամսյակից 33.3 տոկոսով շատ շինարարարություն՝ 747.1 մլն դրամի: Հատկանշական է, որ այս տարվա մարտին ֆինանսավորման այս աղբյուրի միջոցով կատարվել է 82.3 տոկոսով ավելի շատ շինաշխատանք (462.3 մլն դրամի), քան 2023-ի նույն ամսին:
Այս տարվա առաջին եռամսյակում կազմակերպությունների միջոցներով կատարվել է 3.8 տոկոսով ավելի շատ շինարարական աշխատանք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այդ աշխատանքները գնահատվում են 38 մլրդ 417.7 մլն դրամ և կազմում են հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 53.2 տոկոսը: Ի դեպ, մարտին այդ ծավալը 4.8 տոկոսով ցածր է եղել անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 15 մլրդ 403.3 մլն դրամ:
Բնակչության միջոցներով 2024-ի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրականացվել է 29.5 տոկոսով ավելի շատ աշխատանք՝ 22 մլրդ 217.8 մլն դրամի: Դա ընդհանուրի 30.8 տոկոսն է: Մարտին անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 37.2 տոկոսով՝ կազմելով 10 մլրդ 319 մլն դրամ:
Տարվա առաջին եռամսյակում շինմոնտաժային աշխատանքների ծավալը 12.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 65 մլրդ 63.6 մլն դրամ: