ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը, որն ամիսներ շարունակ Հայաստանում ամենավաճառված գրքերի ցանկում էր, ներկայացման տեսքով շունչ է ստացել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրությունը, որն օրերս համալրեց թատրոնի խաղացանկը, հորդորում է լիարժեք ապրել այն կյանքը, որը տրված է, սիրել ու նկատել ամեն գեղեցիկը, որը շրջապատում է մեզ:
Ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը կարծում է՝ հատկապես մեր ժամանակներում, երբ բոլորս դարձել ենք առցանց կյանքի գերին, անհրաժեշտ էր գտնել հերոսի, այս պարագայում Չարլի Գորդոնին, և նրա միջոցով խոսել կարևոր արժեքների մասին:
«Եթե ինչ-որ բան ենք նախաձեռնում և ձախողում ենք, բողոքում ենք, այնինչ պետք է կրկին փորձել, պայքարել ու չհանձնվել: Ներկայացման գլխավոր հերոսը՝ Չարլի Գորդոնը, ապացուցում է դա: Նա լիարժեք է ապրում այն ժամանակը, որն իրեն տրված է: Ցանկանում ենք ասել, որ կյանքում տեղի ունեցող անգամ բացասական երևույթներին հարկավոր է սովորական նայել ու բնական համարել»,-նշում է Մովսեսյանը:
«Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործության մեջ ոչ միայն անհատն է, այլև նրա և շրջապատի հարաբերությունները, մարդու կայացման խնդիրը:
Ռեժիսորի խոսքով՝ սովորաբար մենք պիտակավորում ենք այն մարդկանց, որոնք մեզնից տարբերվում են, այնինչ այս ներկայացման մեջ ընդգծվում է, որ մարդիկ հետաքրքիր են իրենց առանձնահատկություններով, ինքնատիպությամբ: «Մարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա: Այդպես նա գեղեցկանում է, և անգամ ֆիզիկական ու մտավոր թերություններն են երկրորդական դառնում: Ի վերջո` բոլորն էլ ցանկանում են սիրել ու կյանքը ամբողջական ապրել»,-հավաստիացնում է Սամսոն Մովսեսյանը:
Ռեժիսորը դրամայի ամենահետաքրքիր կողմերից մեկն է համարում այն, որ այդ ժանրը երբեք պատասխաններ չի տալիս, այլ հարցադրումներ է անում, մտածելու, տարբեր հույզեր ապրելու հնարավորություն է տալիս:
Ներկայացման մեջ, որը խաղում են «Երվանդ Ղազանչյան» բեմում, զբաղված են դերասաններ Արման Սիմիկյանը, Մարիամ Ղազանչյանը, Սերգեյ Ոսկանյանը, Սիփան Զադոյանը: Վեպը գրված է նամակների սկզբունքով, սակայն ներկայացման մեջ նամակները երկխոսությունների են վերածվել:
Ներկայացումն ինտերակտիվ է. հանդիսատեսն ասես մասնակցում է գիտափորձի, քանի որ բեմը նման է լաբորատորիայի: Թատերասերները բուռն են արձագանքել առաջնախաղերին ու խոստովանել, որ բեմադրությունը դիտելիս տարբեր զգացմունքներ են ապրել:
«Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը նախապես գրվել է իբրև պատմվածք 1959 թվականին և արժանացել «Հյուգո» մրցանակի` որպես լավագույն պատմվածք: Յոթ տարի անց Քիզն այն վերածել է վեպի։ Ժանրային այս փոխակերպումն ընդհանրական առումով չի փոխել ստեղծագործության էությունը, բայց անգրագետից հանճար և հանճարից անգրագետ գիտափորձը վիպական տարածության մեջ էլ ավելի տպավորիչ է իր` մանրամասներով։
Անժելա Համբարձումյան