Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
1 րոպեի ընթերցում
![Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1136175.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Lockheed Martin, Skydio և General Dynamics ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին աջակցության համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը․․․․ պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի անձանց և հաստատությունների նկատմամբ՝ սիոնիստական վարչակարգի ահաբեկչական գործողությունների աջակցության և ֆինանսավորման, ահաբեկչության աջակցության և պաղեստինցի ժողովրդի, մասնավորապես՝ Գազայի հատվածի բնակիչների դեմ պատերազմում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար», - ասվում է Իրանի արտգործնախարարության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են հինգ ընկերություններ և յոթ ֆիզիկական անձինք: