Քաղաքականություն

Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան ուղղված չէ որևէ երկրի դեմ․ ՀՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան ուղղված չէ որևէ երկրի դեմ․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով հարևան որոշ երկրների մտավախություններին՝ կապված Հայաստանի կողմից արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ, դրանք հասկանալի համարեց. այդ մտավախություններն, ըստ նրա, պետք է փարատվեն համապատասխան քայլերով։

Վահագն Խաչատուրյանը «Արմենպրես»-ի և «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանի՝ հարաբերությունների դիվերսիֆիկացմանը միտված գործողությունները որևէ մեկի և ոչ մի հարևանի դեմ ուղղված չեն։

«Առաջին հերթին ուղղված են մեզ համար, մեր երկրի անվտանգությունը բարձրացնելուն, տնտեսական հզորությունը մեծացնելուն։ Նույն այդ անհանգստությունը, որ մենք պաշտպանական զենք-զինամթերք ենք գնում այլ երկրներից՝ որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որպեսզի մենք կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ։ Մենք տեսանք ինչ է կատարվում, երբ այդ հնարավորությունները չունենք։ Հիմա մենք զբաղված ենք դրանով և դա որևէ երկրի դեմ ուղղված չէ»,-ասաց ՀՀ նախագահը։

Խաչատուրյանի կարծիքով՝ հարևան երկրներն ավելի շատ պետք է գնահատեն Հայաստանի քայլերը, այդ թվում՝ նաև դեպի արևմուտք ուղղված, որովհետև կարող են օգտվել այն հնարավորություններից, որոնք ՀՀ-ն ունի։

«Այդ հարցերում էլ մեր առաջարկությունը եղել է․ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և Եվրամիության հետ ունենք առանձնահատուկ հարաբերություններ՝ մեր այդ հնարավորություններից խնդրեմ օգտվեք»,-նշեց նախագահը՝ հավելելով, որ չնայած հրապարակային դրա մասին միգուցե չեն ասում, բայց ներկայում էլ այդ հնարավորությունից օգտվողներ կան, ինչը, չնայած շատ դեպքերում խնդիրներ է առաջացնում, բայց ՀՀ իշխանությունները պատրաստակամ են երկրի հնարավորություններն օգտագործելի դարձնել հարևանների համար։

«Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ է նշանակում հարևան, նրա հետ հարևանություն, բարեկամություն անել և մեր այդ քայլերով խնդիրներ երբեք չենք առաջացնի»,-ընդհանրացրեց Վահագն Խաչատուրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում