Պարը՝ ազգային ինքնության խտացում. պարարվեստի ներկայացուցիչները համերգով նշեցին մասնագիտական տոնը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարողների օրը` պարողների համար». այս խորագրով համերգով պարարվեստի ներկայացուցիչները տոնեցին Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ը՝ գնահատելով միմյանց կատարած աշխատանքը, բարձրաձայնելով պարի՝ որպես ազգային դիմագծի կերտման ու պահպանման դերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին, որը տեղի ունեցավ Երևանի օպերային թատրոնում, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը կատարեց հայկական և միջազգային պարեղանակներ՝ հիացնելով անգամ արտասահմանյան հայտնի ստեղծագործությունները հայկական մոտիվներով ներկայացնելու փայլուն կարողությամբ: Նրանց հետ հանդես եկան սիրված արտիստներ Արփին, Զարուհի Բաբայանն ու Սևակ Ամրոյանը:

Համերգի երկրորդ մասում Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները հանդիսատեսին ներկայացրին «Բեթհովեն. սիմֆոնիա No. 7» բալետային ներկայացման առաջնախաղը, որը բեմադրել է Դավիթ Գալստյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկաներին շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ և ասաց՝ հրաշալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, բարեմաղթանք հղելու պարարվեստի բոլոր գործիչներին՝ պարողներին, բալետմայստերներին, պարուսույցներին:

«Պարը գեղեցիկի մարմնացումն է, ուրախություն, բերկրանք պարգևող մարդկային ամենաանկեղծ լեզուն, որն ի զորու է փոխանցել ուրախության ու երջանկության, ցավի և տխրության ամենանուրբ ելևէջները: Պարն ազգային ինքնության խտացումն է, հավաքական դիմագիծը, իսկ հայկական պարը մեր մշակութային ժառանգության ամենաերևելի դրսևորումներից է, որ բազմաթիվ թելերով կապված է մեր ազգային ավանդույթների, մեր մտածողության հետ»,-շեշտեց Ավինյանը:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը կարևորում է ոլորտի զարգացմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը, ձեռնարկում ծրագրեր, որոնք վերափոխելու են մարդկանց շրջապատող իրականությունը:

Նախորդ տարի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Թումանյանի անվան այգում բացօթյա ձևաչափով ցուցադրվել են Արամ Խաչատրյանի բալետները: Այս տարի բալետային փառատոնը կմեկնարկի Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերով:

Տիգրան Ավինյանը մաղթեց, որ պարը հարատև լինի ու շարունակի ջերմացնել բոլորի սրտերը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ շեշտեց՝ Պարի միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու այն կարևորությունը, որ պարն ունի մեր կյանքում: «Պարն աշխարհին նայելու գեղագիտական ձև է, որը շատ կարևոր է նաև երեխաների կրթության և զարգացման համար: Այս օրը ևս մեկ առիթ է գնահատելու այն մեծ աշխատանքը, որ անում են պարարվեստի ներկայացուցիչներն ամեն օր՝ անկախ տրամադրությունից»,-ասաց նախարարը:

ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը պարարվեստի մի խումբ գործիչների պարգևատրեցին մեդալներով և պատվոգրերով՝ ոլորտում ունեցած կարևոր ավանդի և լուրջ ձեռքբերումների համար:

Երեկոյին հիշեցին նաև պարարվեստի այս տարվա հոբելյարներին՝ Վահրամ Արիտսնակեսյան-125, Իլյա Արբատով-130: Շուտով կնշվի նաև Սոֆի Դևոյանի 75-ամյակը:

Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանը, որն ուշադրությամբ էր հետևում համերգային երեկոյի ընթացքին, խոստովանեց՝ պարարվեստը բավականին հեռու անկյունում, հեռու դարակներից մեկում է մնացել, և այս միջոցառումը ևս մեկ առիթ է անդրադառնալու պարարվեստի բոլոր խնդիրներին, առաջխաղացումներին, տարբեր ուղղություններին: «Խոսում ենք այն մասին, թե ինչ խնդիր ունենք, ինչ ենք ցանկանում անել, ինչ ենք ուզում, որ լինի և ինչով կարող են մեզ աջակցել պետությունն ու ինքներս մեզ: Բազում հարցեր կան, որոնց լուծումների պարագայում մեր վիճակը բավականին կլավանա: Եվ սա միակ օրն է, երբ մեզ շնորհակալություն են հայտնում մեր աշխատանքի համար»,-ասաց նա:

Գագիկ Կարապետյանն արդեն 56 տարի պրոֆեսիոնալ պարարվեստում է և հույս ունի, որ պետության, մեկենասների աջակցությամբ կհաղթահարեն խնդիրները և թե՛ Պարի պետական անսամբլը, թե՛ այլ պարախմբեր կունենան առաջվա փառքն ու ոտք կգցեն աշխարհի լավագույն խմբերի հետ:

Պարի միջազգային օրվան նվիրված երեկոն իրականացվեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո:

Հայերեն العربية English

ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում

Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում