Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակը կնշվի հոբելյանական միջոցառմամբ
2 րոպեի ընթերցում
![Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակը կնշվի հոբելյանական միջոցառմամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1135951.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոգործիչները և հայ կինոյի երկրպագուներն ապրիլի 29-ին տոնում են հայկական կինոյի վարպետներից մեկի՝ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ վարպետի 100-ամյակը նշելու են հոբելյանական երեկոյով, որը տեղի կունենա ապրիլի 29-ին Կինոյի տան մեծ դահլիճում:
Երեկոն լի է լինելու անակնկալներով, բազմաթիվ հետաքրքիր հյուրերով, վարպետի կտավներով, ֆիլմերով, նրա անմիջական խոսքով և հումորով: Կինոյի տան ճեմասրահում կներկայացվեն Վալենտին Պոդպոմոգովի լուսանկարները, նրա ստեղծած ֆիլմերի և ներկայացումների դեկորացիաների էսքիզները, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից, ինչպես նաև իր ձեռքերով պատրաստած մեխանիկական սարքերը:
Երեկոյի սցենարի հեղինակը և հաղորդավարը հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանն է, բեմադրող ռեժիսորը Նիկոլայ Դավթյանն է, նկարիչը՝ Շամիր Շահիրյանը:
Պոդպոմոգովը հայ կինոյի այն բազմատաղանդ գործիչներից է, որը իրավամբ մեծ ավանդ ունեցավ ինչպես խաղարկային կինոյի, այնպես էլ հայկական մուլտիպլիկացիայի զարգացման գործում:
Պոդպոմոգովի հեղինակած գործերն առ այսօր իր ուրույն ձեռագրի, մեծ գեղագիտության լավագույն վկայությունն են, որ ժամանակի հետ ավելի ու ավելի են ընդգծում դրանց արժեքը:
Նրա ուրույն հեղինակային ձեռագիրը արտահայտվել է խաղարկային ու մուլտիպլիկացիոն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կախարդական գորգ», «Մի կաթիլ մեղր», «Փարվանա», «Պույ-պույ մկնիկը», «Լուր դա լուր», որպես բեմադրող նկարիչ՝ «Առաջին սիրո երգը», «01-99» և այլն:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ընտանիքին, կինոգործիչներին և հայ հանդիսատեսին հոբելյանի առիթով:
Պոդպոմոգովին նվիրված միջոցառումը տեղի կունենա Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ: