Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատմական քայլով այս շաբաթը նշանավորվում է երկու պետությունների միջև ընդլայնված տնտեսական, սոցիալական և ռազմավարական համագործակցության հնարավորությունների նոր դարաշրջանի մեկնարկով: Այս իրադարձության կարևորությունն ու դրական ազդեցությունը կարող է հսկայական լինել Հայաստանի համար։ Սաուդյան Արաբիան տարածաշրջանային ազդեցիկ տերություն է, որը զգալի ազդեցություն ունի արաբական և Իսլամական աշխարհում: Ավելի հստակ՝ Հայաստանի Հանրապետությունը և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը կարող են արգասաբեր գործընկերներ դառնալ՝ կառուցելու այնպիսի ապագա, որտեղ կարևորվում է մարդկային ներուժը և նոր թափ հաղորդվում պետության զարգացմանը:

Հայաստանի համար այդ հարաբերությունների զարգացումը նրա արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ցուցիչ է, և միաժամանակ աջակցություն այդ գործընթացին։ Հայաստանը անցում է կատարում մեկ գործընկերոջից չափազանց կախվածության դարաշրջանից դեպի այլ երկրների հետ ակտիվ հարաբերությունների հաստատմանը: Հանձինս Սաուդյան Արաբիայի, Հայաստանը կհարաբերվի ինստիտուցիոնալացված ժամանակակից երկրի հետ, որն աչքի է ընկնում գործընկերային ռազմավարությունների բարձր պրոֆեսիոնալիզմով, արտասահմանում ներդրումներ կատարելու համար զգալի ֆինանսական ներուժով և այնպիսի համագործակցությունների հաստատմամբ, որն օգնում է նրան զարգացնել նորարարությունները երկրի ներսում: Սա բարենպաստ պահ է ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների ուրվագծման համար, որոնք այնուհետև կօգնեն իրագործելի, փոխշահավետ նպատակների սահմանմանը: Հայաստանի համար կարևոր կլինի հավասարակշռության և փոխադարձության արձանագրումը՝ քարտեզագրելով Սաուդյան Արաբիային ներկայացվող առաջարկները։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է ռազմավարական առաջարկներ ներկայացնի Սաուդյան Արաբիային՝ ի աջակցություն իր զարգացման:

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, ընդհանուր առմամբ, նշանակալի դրական իրադարձություն է նաև Հարավային Կովկասի համար: Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի հսկայական ռեսուրսները և նրա հավակնությունները՝ որպես աճող տերություն, Թագավորությունը կարող է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանի կայունացման և կայուն զարգացման գործում: Սաուդյան Արաբիան կարող է միջնորդական դեր խաղալ՝ օգնելով կանխելու ապագա հակամարտությունների առաջացումը։ Սակայն նույնիսկ ավելի անուղղակի մոտեցման դեպքում Սաուդյան Արաբիան կարող է նպաստել կայունության հաստատմանն իր դիվանագիտական լծակների և բոլոր կողմերի հետ փոխգործակցության, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում երկարաժամկետ ներդրումներ կատարելու միջոցով:

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունն առանձնանում է յուրօրինակություններով։ Այն իրեն ներկայացնում է որպես արբիտր տնտեսական բարգավաճման և կայուն խաղաղության հարցերում: Այն նաև իրեն դիրքավորում է որպես չեզոք երկիր, որը կարող է հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների հետ և միևնույն ժամանակ ամուր հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Այն նույնիսկ աշխատանքային դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նախկին տարածաշրջանային մրցակիցների հետ, ինչպիսիք են՝ Թուրքիան և Իրանը։ Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմից անմիջապես առաջ: Սա Սաուդյան Արաբիային հնարավորություն է տալիս իրավահավասար հիմունքներով համագործակցել Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ՝ չենթարկվելով հակամարտող բլոկների բևեռացմանը։

Բազմակողմանիությունը ներկայումս Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունն է: Դիվերսիֆիկացման օրակարգի շրջանակներում Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության հաստատումը, ինչպես նաև լրացուցիչ գործընկերների հետ հարաբերությունները, ինչպիսիք են Ֆրանսիան, Եգիպտոսը, Հունաստանը և Կիպրոսը, կարող են ամրապնդել Հայաստանի ընդգրկվածությունը և համատեղ նախագծերի հաջողությունը: Բացի այդ, հաշվի առնելով նրա առաջատար դերը արաբական և իսլամական աշխարհում, ինչպես նաև անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին, ՇՀԿ-ին, ԻՀԿ-ին և այլ բազմակողմ ձևաչափերին, Սաուդյան Արաբիայի հետ Հայաստանի աճող հարաբերությունները դրական ազդակ կփոխանցեն այլ պետությունների՝ քաջալերելով նրանց կառուցողական համագործակցություն ունենալ Հայաստանի հետ:

Սաուդյան Արաբիայի համար Հարավային Կովկասը լայն Մերձավոր Արևելքի բաղկացուցիչ մասն է։ Քանի որ Սաուդյան Արաբիան ամրապնդում է իր դիրքերը որպես տարածաշրջանային կառուցողական դիրքորոշում ունեցող տերություն, նրա համար կարևոր կլինի պահպանել իր ներկայությունն ու դիվանագիտական ժառանգություն կառուցել Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում:

Ավելին, իր հասարակության ներուժի լիարժեք իրացմանն ուղղված ներքին զարգացման գործընթացում Սաուդյան Արաբիան կարող է բարեկամ գտնել ի դեմս Հայաստանի: Երկու ժողովուրդների միջև կա մշակութային խորը կապվածության դարավոր ժառանգություն: Հայ ներգաղթյալները, հատկապես Սիրիայից և Լիբանանից, Սաուդյան Արաբիայում շատ լավ համբավ ունեն որպես մարդիկ, ովքեր մասնակցել են ժամանակակից թագավորության կառուցմանը: Մշակութային փոխանակումները, խառնամուսնությունները և ընդհանուր պատմության բազմաթիվ ակնառու պահերը ստեղծել են դրական կապեր, որոնք կարող են մի շարք նախաձեռնությունների հիմք հանդիսանալ:

Ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, Սաուդյան Արաբիան մեծ ներդրումներ է կատարում հիմնարար նորարարությունների ոլորտում, որոնք կարող են խթանել տնտեսական աճը: Երկրի ներսում այս նպատակն իրագործելու համար Սաուդյան Արաբիան ցանկանում է ներգրավել տաղանդներ և մտավոր կապիտալ, ինչը կնպաստի արագ աճին: Հայաստանը, չնայած իր առջև ծառացած դժվարություններին, գտել և մշակել է լուծումներ, որոնք կարող են խթանել Սաուդյան Արաբիայի աճը առանցքային ոլորտներում՝ տեխնոլոգիաներից մինչև մշակույթ:

Գործընկեր երկրների հետ Սաուդյան Արաբիայի փոխգործակցության առանցքային ուղղությունը տնտեսության ռազմավարական կարևոր ոլորտներում երկարաժամկետ ներդրումներն են: Հայաստանը պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարի համատեղ ներդրումների նպատակային ողջամիտ հնարավորություններ ընտրելու համար: Սա հատկապես վերաբերում է գյուղատնտեսության, արհեստական բանականության, վերականգնվող էներգիայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սաուդյան Արաբիայի համար: Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի՝ լայնածավալ, երկարաժամկետ կապիտալ ներդրումներ տրամադրելու կարողությունը՝ երկկողմ նախագծերը կարող են ներառել ներդրումներ ենթակառուցվածքներում և տնտեսական զարգացման մեջ, որոնք փոխակերպիչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա:

Կառավարության ղեկավարությամբ ընթացող քննարկումներից բացի, քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները կարող են մեծապես նպաստել հանրային դիվանագիտության զարգացմանը և Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի առաջատար կազմակերպությունների միջև կոնկրետ ռազմավարական համագործակցության հաստատմանը: Հայաստանը կարևոր հնարավորություն ունի ներգրավելու մասնավոր հատվածի, սոցիալական ձեռնարկատիրության, տեխնոլոգիաների և ներդրումների զարգացման, գյուղատնտեսության և այլ ոլորտների լավագույն ներկայացուցիչներին՝ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև արդյունավետ և փոխշահավետ նախաձեռնությունների ուսումնասիրման համար։ Համագործակցության այս ոլորտը կարող է ներառել նաև Հայաստանում ակադեմիական ինստիտուտներ, գիտական հարթակներ և տեխնիկական հետազոտողներ, որոնք կարող են մասնակցել ներկայումս Սաուդյան Արաբիայում իրականացվող տարբեր գիտական նախաձեռնություններին, որոնք կենտրոնացած են թագավորության նորաստեղծ կենտրոններում և համալսարաններում: Զբոսաշրջությունը և առևտրային հարաբերությունները ունեն զարգացման հնարավորություն, և Սաուդյան Արաբիան կարող է դառնալ գյուղատնտեսական ապրանքների արտահանման պոտենցիալ շուկա:

Հայաստանի համար սա նաև հնարավորություն է ակտիվացնելու իր սփյուռքը։ Չնայած փոքրաթիվ լինելուն, հայկական սփյուռքը, հատկապես տեխնոլոգիական ոլորտում, շատ ավելի մեծ կշիռ ունի իր գլոբալ կապերի և ներկայացվածության շնորհիվ: Հայկական սփյուռքում առանցքային կապերը կարող են ներգրավել գործարար և նորարարական ներուժ, որը Սաուդյան Արաբիան փնտրում է սեփական աճի պատմությունը կերտելու համար:

Մշակույթի ոլորտում Սաուդյան Արաբիան խոշոր ներդրող է՝ զարգացնելով երաժշտական արվեստը և ստեղծելով ենթակառուցվածքներ համերգների և երաժշտական երկխոսության համար։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում հայ համայնքի կողմից մշակութային արժեքների ստեղծման պատմությունը՝ Սաուդյան Արաբիայի համար այդ ժառանգության բնական շարունակությունն է հայ արվեստագետների, կրթական հաստատությունների և ստեղծագործողների ներգրավումը մշակութային արժեքների ստեղծման գործում: Դա թույլ կտա երկու պետություններին հասնել մշակութային դիվանագիտության կարևոր նպատակներին և կծառայի մարդկանց միջև կապերի ամրապնդմանը։

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է դրական ուղղությամբ փոխել Հարավային Կովկասի զարգացման հետագիծը։ Այս հնարավորությունն այն պահն է, երբ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան կարող են սովորել միմյանցից և ավելին իմանալ միմյանց մասին: Երկու երկրներն էլ պետք է օգուտ քաղեն այս պահից և անկեղծորեն ու առատաձեռնորեն կիսվեն միմյանց հետ՝ համագործակցության և փոխադարձության վրա հիմնված գործընկերություն կառուցելու նպատակով:

Լարա Սեդրակյան, Նախագահ, ԱՊՐԻ Արմենիա

Դավիթ Անտոնյան, Կրտսեր գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

Հայերեն English Français

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել