Քաղաքականություն

Մենք մեծ ճանապարհի սկզբին ենք. քաղաքագետը խոսել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին

7 րոպեի ընթերցում

Մենք մեծ ճանապարհի սկզբին ենք. քաղաքագետը խոսել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի տրամաբանության մեջ կատարում է որոշակի գործողություններ, մանավանդ որ Արևմուտքի դերակատարների հետ փոխադարձ շահերը համընկնում են ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև վերջին շրջանում զարգացող հարաբերություններին։

«Նման իրավիճակ առաջացել էր նաև տասնմեկ տարի առաջ, սակայն 2013 թվականին այն ժամանակվա Հայաստանի ղեկավարությունը մեկ գիշերվա ընթացքում կայացրեց այլ որոշում, ինչի արդյունքում հարաբերությունների զարգացումը դանդաղեց։ Այնուամենայնիվ, 2017 թվականին փոխգործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի տեսքով ստացավ որոշակի ամրագրում։ Այժմ էլ հաշվի առնելով նոր իրողությունները՝ այդ զարգացումը կարող է նոր ընթացք ստանալ»,- ասաց Ղևոնդյանը։

Անդրադառնալով արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում կոնկրետ անվտանգային բաղադրիչին՝ քաղաքագետն ընդգծեց, որ թեև ԵՄ-ն դեռ անվտանգություն արտադրող ուժային կենտրոն չէ, բայցևայնպես, տեսանելի է, որ վերջին ժամանակներում՝հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո, ԵՄ-ի առանձին երկրներ սկսել են գործողություններ, որոնք միտված են անվտանգային հնարավորություններ արտադրելուն։

«Այդ առումով Հայաստանն արդեն իսկ ստանում է որոշակի աջակցություն, եթե նկատի ունենանք մասնավորապես Ֆրանսիայի հետ հայտնի համագործակցությունը։ Կա նաև հնարավորություն, որ հետագայում այդ անվտանգությունն ավելի կընդլայնվի՝ ներառելով այլ պետություններ, որոնց առնչվող մակարդակում տեղեկությունները դեռ քիչ են։ Այդուհանդերձ, հաշվի առնենք, որ ԵՄ-ն գտնվում է ՆԱՏՕ-ի հովանոցի ներքո, ու թեև Հայաստանն այսօր նպատակ չունի հնարավորինս շուտ անդամագրվել Հյուսիսատլանտյան դաշինքին, բայց եթե ԵՄ-ի առանձին պետությունների հետ հնարավոր լինի զարգացնել սերտ հարաբերություններն ու ամրապնդել դրանք, ապա այդ դեպքում Հայաստանը՝ որպես ՆԱՏՕ-ի ռեսուրսների երկրորդական սպառող, կստանա այլ հնարավորություններ»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով Հայաստանի սահմաններին կարևոր առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մասին՝ Ղևոնդյանն ընդգծեց, որ այն պահին, երբ Հայաստանն անվտանգության որոշակի ապահովության առումով ամենաշատն էր նման պահանջ զգում, բավականին մեծ հնարավորություն ընձեռեց հենց եվրոպացի դիտորդների առաքելությունը։

«Հիմա տեսնում ենք, որ այդ առաքելության գործունեության մեկնարկից հետո մեր սահմանին ադրբեջանական սադրանքները զգալիորեն նվազել են, ինչը հայտնի չափով եվրոպացի գործընկերների շնորհիվ է։ Մենք լսեցինք, որ այդ առաքելության ժամկետը մեծ հավանականությամբ ևս երկու տարով կերկարաձգվի։ Հայաստանը կարողանում է օգտվել այդ հնարավորությունից այն իրավիճակում, երբ երկուստեք շահերն ակնհայտորեն համընկնում են»,- նշեց մեր զրուցակիցը։

Ղևոնդյանը հավելեց, որ Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների սերտացումն ուղղված չէ երրորդ երկրի, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։

«Իրանի տարբեր պաշտոնյաներ քանիցս վերջին ժամանակներում հայտարարեցին, որ Հայաստանի հարցում թե՛ եվրոպական առանձին երկրների, թե՛ Արևմտյան ձևաչափերի մոտեցումները հարյուր տոկոսով համընկնում են Իրանի դիրքորոշումների հետ։ Մեր հարևան երկիրը որոշակի անհանգստություններ ունի՝ կապված անվտանգային բաղադրիչի հետ, որովհետև գոյություն ունի ՆԱՏՕ-ն, որը Եվրամիության անվտանգության երաշխավորն է ու սպասարկում է այդ կառույցի շահերը, ինչը կարող է խնդիրներ առաջացնել Իրանի համար, բայց քանի որ Հայաստանը շարժվում է ոչ բլոկային ուղղությամբ, հետևաբար Իրանի հետ համաձայնությունների ձեռք բերումը ոչ միայն հնարավոր է, այլև շատ հարցերում արդեն իսկ կայացած իրողություն է։ Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, ապա այսօր Իրանի շահերն այդ առումով նույնպես համընկնում են մեր հետաքրքրությունների հետ, քանզի Հայաստանը Իրանի կողմից դիտարկվում է որպես տարանցիկ ճանապարհ Հյուս-հարավ միջանցքով ռեսուրսների, տեխնոլոգիական և այլ հնարավորությունների տեղափոխման համար։ Հայաստանը՝ որպես այլընտրանքային ճանապարհ, հարևան երկրի համար միայն շահավետ կարող է լինել»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությանը՝ Ղևոնդյանն ընդգծեց, որ եվրոպական տարածությանն ինտեգրումը մեկ օրվա կամ նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ։

«Այն հարցը, թե Հայաստանն այսօր պատրա՞ստ է լիարժեքորեն ինտեգրվել եվրոպական տնտեսությանը, տեղին չէ, որովհետև որևէ պետություն ամբողջությամբ պատրաստ չի լինում ինտեգրացիայի գործընթացն իսկույն անցնելուն։ Եթե պատրաստ լինի, ապա հենց այդ պահին ուղղակի կդառնա Եվրոպայի մաս։ Պետությունները սովորաբար անցնում են ինտեգրացիայի երկար ճանապարհ և այդ ընթացքում իրականացնում են բարեփոխումներ տարաբնույթ ոլորտներում, ինչպես նաև հետևում են չափանիշներին, որակի բարձրացման ստանդարտներին, գալիս են համաձայնության փոխադարձ առևտրի բնագավառում։ Այդ գործընթացը տևում է տարիներ։ Մեր երկիրը պատրաստ է սկսել այդ գործընթացը։ Ընդ որում՝ հնարավոր չէ համատեղել ԵՄ պահանջներն ու Արևմուտքի հետ առևտրի պայմանները ԵԱՏՄ-ում առկա չափորոշիչների ու պահանջների հետ։ Մենք մեծ ճանապարհի սկզբին ենք»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ղևոնդյանը հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացիներին այդքան հուզող՝ ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման պրոցեսն արդեն ընթացքի մեջ է։ Վերջերս ՀՀ արտգործնախարարն այդ հարցը քննարկել է եվրոպական տարբեր երկրների գործընկեր նախարարների հետ, ինչը մոտ ապագայի կտրվածքով վիզաների ազատականացման ռեժիմը դարձնում է կանխատեսելի։

«Հաշվի առնելով, որ այդ գործընթացն արդեն իրականացվել է հարևան Վրաստանում, և հաշվի առնելով, որ ժողովրդավարության առումով Հայաստանի հնարավորությունները շատ ավելի մեծ են՝ մեր երկիրը կարող է նույնիսկ շատ ավելի արագ անցնել այդ ճանապարհը՝ ի տարբերություն Վրաստանի, որի հետ վիզաների ազատականացման ռեժիմ սահմանելու համար պահանջվեց երկու տարի»,-եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում