Ըստ Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի տնտեսությունն այս տարի կաճի մինչև 5.7 տոկոսով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի մինչև 5.7 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ապրիլի 11-ի ասուլիսում հայտարարեց ԱԶԲ-ի երևանյան գրասենյակի փոխտնօրեն Լյուկ Ֆոչթմենը:

Անդրադառնալով Հայաստանի այս տարվա տնտեսական հեռանկարներին՝ Լյուկ Ֆոչթմենը նշեց, որ, հաշվի առնելով արտաքին պահանջարկի հնարավոր թեթևակի նվազումը, իրենք կանխատեսում են աճի որոշակի չափավորում՝ ընդհուպ մինչև 5.7 տոկոս: Բանախոսի գնահատմամբ՝ հետզհետե տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ 2025 թվականին հասնելով 6 տոկոսի: Դրան կնպաստի կառավարության կողմից իրականացվող ենթակառուցվածքների և բնակարանային ապահովմանը միտված ներդրումային ծրագրերի ընդլայնումը:

Լյուկ Ֆոչթմենը նշեց՝ ենթադրվում է, որ 2022 և 2023 թվականներին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշների համեմատ արտահանումն ու ներմուծումը աստիճանաբար կնվազեն: Ակնկալվում է, որ այս տարի ներդրումները կաճեն՝ հասնելով 15․9 տոկոսի, իսկ 2025-ին կկազմեն 18․5 տոկոս, ինչը պայմանավորված կլինի ենթակառուցվածքների և սոցիալական ներդրումների համար կապիտալ ծախսերի շարունակական աճով և մասնավոր ներդրումների հետագա ընդլայնմամբ:

Որոշակի աճ է կանխատեսվում մասնավոր սպառման ոլորտում (2024-ին՝ 4, իսկ 2025-ին՝ 4․1 տոկոսով): Ըստ զեկույցի հեղինակների, հանրային սպառումն այս տարի կաճի 12․2 տոկոսով, իսկ 2025 թվականին կնվազի մինչև 11․1 տոկոսի:

Կայուն աճ է կանխատեսվում շինարարության և ծառայությունների ոլորտում: Վերջինում այս տարի սպասվում է 9․3, իսկ 2025-ին՝ 9.4 տոկոս աճ, ինչը պայմանավորված կլինի զբոսաշրջիկների թվի աճով: Դա կապահովի կայուն և չափավոր եկամուտներ ֆինանսների, հանգստի, մանրածախ առևտրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում:

Շինարարության ոլորտում այս տարի ակնկալվում է 16․3, իսկ 2025-ին՝ 18․1 տոկոս աճ:

Արդյունաբերությունը, ներառյալ շինարարությունը, 2024 թվականին կարող է աճել 6.2, իսկ 2025-ին՝ 7․4%-ով:

Կանխատեսվում է, որ արտադրությունը կընդլայնվի սննդի վերամշակման, տեքստիլի և ոչ մետաղական արտադրանքի ծավալների աճի շնորհիվ: Իսկ հանքարդյունաբերության և քարի արդյունահանման ոլորտներում աճը կախված կլինի արտադրանքի համաշխարհային գներից և նոր հանքեր բացելու գործընթացից:

Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, հավանաբար, աճի ցուցիչն այս տարի կհասցնեն 0․9, իսկ 2025-ին՝ 1․9 տոկոսի: Սակայն, անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում այդ ցուցանիշը կլինի ավելի ցածր:

Ըստ կանխատեսման՝ գնաճն որոշակիորեն կարագանա, սակայն դիտարկվող ժամանակահատվածում, հավանաբար, կմնա ցածր մակարդակի: Դրամավարկային քաղաքականության մեղման պարագայում գնաճը միջին հաշվով կարող է ավելանալ՝ 2024 թվականին հասնելով 3, իսկ հաջորդ տարի՝ 3․5 տոկոսի: Նշվում է, որ 2024 թվականի վերջին գնաճը կլինի Կենտրոնական բանկի նախանշած 2․5-5․5 տոկոսի սահմանում:

Հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է դառնալ ավելի ընդգրկուն՝ սոցիալական տրանսֆերտների և կապիտալ ծախսերի համար հատկացումների աճի շնորհիվ:

Նշվում է, որ 2024 թվականի բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ի 4․6 տոկոսին հավասար պակասուրդ, ըստ կանխատեսումների՝ եկամուտները կկազմեն ՀՆԱ-ի 24․9 տոկոսը: Դա համապատասխանում է հարկային վարչարարության բարելավման և հարկային օրենսդրության հետագա բարելավման միջոցով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանը մինչև 2026 թվականը 25 տոկոսի հասցնելու կառավարության նպատակին: Նշվում է, որ այս տարի նախատեսված եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նույնպես կավելացնի կառավարության եկամուտները։ Կանխատեսվում է, որ ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 30․5 տոկոսին:

Ենթադրվում է, որ հայկական դրամի կտրուկ արժեզրկման զսպման արդյունքում ՀՀ պետական պարտքը մի փոքր կաճի, սակայն 2024 թվականի վերջին կմնա ՀՆԱ-ի 55 տոկոսից ցածր մակարդակի վրա։

Ըստ կանխատեսման՝ համախառն պահանջարկի մեղմացմամբ և տարանցիկ առևտրի հետագա նվազմամբ պայմանավորված կդանդաղի արտահանման և

ներմուծման աճը: Այնուհանդերձ, կգերակշռի շինանյութերի, մեքենաների ու սարքավորումների ներմուծումը, քանի որ ներդրումները խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում մեծանում են:

Հայերեն العربية English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ