Երվանդ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործությունը մուրալ արվեստի տեսքով զարդարել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկը
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթը՝ երևանյան առօրյայի կարևոր մաս. անվանի նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի 125-ամյակին նրա «Ընդվզում» ստեղծագործությունը մուրալ արվեստի տեսքով տեղ է գտել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ Պուշկին 62 հասցեում:
Թե՛ Սարյան, թե՛ Պուշկին փողոցներով քայլելիս՝ մի պահ կանգ ես առնում, ուշադիր զննում վառ գույներով հարուստ աշխատանքն ու ցանկանում ավելին իմանալ:
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքի վրա նախորդ տարի իտալացի նկարիչ Անտոնինո Պեռռոտտայի հետ և Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ մուրալ նախագիծ իրականացրինք: Հետո սկսեցինք մտածել Երևան քաղաքի արտաքին ձևավորումը մշակութային տարբեր ուղղություններով հարստացնելու մասին:
Լավագույն օրինակներից մեկն էլ ժամանակակից կերպարվեստի ոլորտում մուրալ ուղղությունն է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված մուրալ նախագծի հեղինակ և ղեկավար Դավիթ Խաչատրյանը:
Խաչատրյանն այցելել է Երվանդ Քոչարի թանգարան և հստակ որոշել՝ հաջորդ մուրալ նախագիծը նվիրվելու է նկարչի հոբելյանին, քանի որ արվեստի այդ ուղղությամբ հնարավոր է երիտասարդներին ծանոթացնել դասականների ժառանգությանը: Իսկ ինչո՞ւ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի հարևանությամբ և ինչո՞ւ Պուշկին փողոցում:
«Կարծում եմ՝ Երևան քաղաքը պետք է ավելի մշակութային լինի, և փողոցի անվանումը, այս կամ այն մշակութային կառույցի առկայությունն այդ փողոցում չպետք է ստիպեն առաջնորդվել այլ տրամաբանությամբ: Ինձ համար սա մշակութային օջախ ստեղծելու նպատակ էր: Մի տեղ կարող է լինել մեկ այլ քանդակագործի թանգարան, մեկ այլ պատի վրա՝ այլ ստեղծագործողի գործ, որը կհամալրի այս ամբողջ մշակութային համալիրը ու կհետաքրքրացնի այս տարածքի մշակութային պատկերը»,-հավաստիացնում է Խաչատրյանը:
Մուրալի ստեղծման ընթացքը տեսնելով՝ և՛ տեղացիները, և՛ զբոսաշրջիկները հաճախ հետաքրքրվում են, թե ով է հեղինակը, ինչ արժեքներ է ստեղծել և ուղևորվում են Երվանդ Քոչարի թանգարան, որի տնօրեն Կարինե Քոչարը շատ է կարևորում արվեստագետներին նորարարական մեթոդներով հանրահռչակելը:
«Այս մուրալը մեր քաղաքի համար կարող է գրավիչ այցեքարտ դառնալ, որով Երևանը հանդես կգա որպես մշակութային զբոսաշրջության կենտրոն: Սա կօգնի նաև հանրայնացնել թանգարանն ու նրա գործունեությունը, որովհետև որքան էլ ակտիվ լինենք, այն մնում է կամերային ձևաչափում, իսկ այս կերպ և դարին համահունչ մեթոդներով ներկայացվում է արվեստագետի ժառանգությունը: Քոչարն ասում էր՝ յուրաքանչյուր արվեստ արտահայտում է իր ժամանակի միջոցները, իր ժամանակի իդեալը՝ ըստ ժամանակի տեխնիկական հնարավորությունների»,-հիշեցնում է Կարինե Քոչարը:
Երվանդ Քոչարն «Ընդվզում»-ը նկարել է 1930 թվականին Ֆրանսիայում: Նկարչի մի քանի աշխատանք դիտարկելուց հետո նախագծի հեղինակները կանգ են առել հենց այդ ստեղծագործության վրա, որովհետև այն համահունչ է դարին, մերօրյա իրականությանը, քաղաքի անցուդարձին:
Կարինե Քոչարը դժվարությամբ է պատկերացրել, թե ինչպես է հնարավոր «Ընդվզում»-ը վերարտադրել պատի վրա, սակայն գոհ է իտալացի նկարչի աշխատանքից, ստացված արդյունքից:
Ճարտարապետ, նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն Երվանդ Քոչարի արվեստին ծանոթացել է համալսարանական տարիներին: Նրան շատ են տպավորել Քոչարի յուրահատուկ ոճն ու ձեռագիրը, սակայն արվեստագետի ստեղծագործությունների հարուստ գունապնակը լիարժեք բացահայտել է Երվանդ Քոչարի թանգարանում:
«Հիացած եմ նրա ստեղծագործությունների բազմազանությամբ: Քոչարի ոչ մի աշխատանք չի կրկնում մյուսին: Նրա տեխնիկաները ևս տարբեր են: Մի գործն ասես կինեմատոգրաֆիկ արվեստ լինի, մյուսը՝ անիմացիոն: Նա տարբեր է, առանձնահատուկ է: Շատ ցավում եմ, որ սառը պատերազմը թույլ չի տվել, որ Քոչարի արվեստն ավելի լայն տարածում գտնի Եվրոպայում»,-ասում է նկարիչը:
Ֆեդելեն, որն ավելի քան տասը օր աշխատում է մուրալի ստեղծման վրա, այն ոչ միայն գեղեցիկ, այլև ազդեցիկ է համարում: Փորձել է նույնությամբ վերարտադրել «Ընդվզում»-ը և յուրատիպ կոմպոզիցիա գտնել: Պահպանելով բնօրինակը՝ այն հավելել է Մուրադ Ռաֆայելյան վարժարանի կամարով: Հենց այդ վարժարանում է ժամանակին սովորել մեծանուն Քոչարը:
Ուշագրավ մուրալն ամբողջությամբ պատրաստ կլինի մի քանի օրից: Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին:
Գաղափարի հեղինակները նախագծի իրականացմանն աջակցելու համար շնորհակալություն են հայտնում Հայաստանում Իտալիայի դեսպանությանը, Երևանի քաղաքապետարանին, գործարար Վահագն Գրիգորյանին: Նրանք հույս ունեն, որ նախագիծը շարունակական կլինի: