ԱՄՆ-ն հավանություն է տվել Ուկրաինային 138 մլն դոլարի HAWK ԶՀՀ-ների սպասարկման համակազմերի վաճառքին
2 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ն հավանություն է տվել Ուկրաինային 138 մլն դոլարի HAWK ԶՀՀ-ների սպասարկման համակազմերի վաճառքին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1134423.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային 138 միլիոն դոլար գումարի ռազմական տեխնիկայի հնարավոր շտապ վաճառքին HAWK զենիթահրթիռային համակարգերի սպասարկման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ Պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալությունը:
«HAWK հրթիռային համակարգն աշխատանքային վիճակում պահելը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը` պաշտպանելու իր ժողովրդին և կարևոր ազգային ենթակառուցվածքները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջոցները կօգտագործվեն կապի համակարգերի նախագծման և ինտեգրման, համակարգերի արդիականացման, գործիքների հավաքածուների և փորձարկման սարքավորումների, պահեստամասերի, վերապատրաստման և ԱՄՆ-ի կողմից այլ աջակցության համար:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ HAWK-ի ֆինանսավորումը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին, ուստի Պետքարտուղարությունը մերժել է այդ գործարքի «վերանայման վերաբերյալ Կոնգրեսի պահանջները»՝ սպառազինությունների արտահանման վերահսկման օրենքին համապատասխան:
Պենտագոնի պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալությունը հնարավոր վաճառքի մասին անհրաժեշտ ծանուցումը Կոնգրեսին ուղարկել է ապրիլի 9-ին։