Հասարակական

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուշագիր է կնքել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ

2 րոպեի ընթերցում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուշագիր է կնքել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ապրիլի 9-ին համագործակցության հուշագիր են կնքել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, հուշագրի կնքումը նպատակ ունի ընդլայնել և ամրապնդել հանձնաժողովի ու կրթական հաստատությունների միջև համագործակցությունը, բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը գիտական ներուժի օգտագործման և բարձրագույն որակավորմամբ մասնագետների պատրաստման շնորհիվ, ուսանողների համար գործնական հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություն ստեղծել` դյուրացնելով բուհ-աշխատաշուկա ճանապարհը:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով այս նախաձեռնությունը՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն առանձնահատուկ կարևորություն է տալիս կրթական հաստատությունների հետ համագործակցությանը, և տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Մասնավորապես, հանձնաժողովի ներկայացուցիչները դասախոսություններով են հանդես գալիս տարբեր բուհերում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ հուշագրի շրջանակում առաջիկայում մագիստրոսական ծրագիր է նախատեսվում իրականացնել, ուսանողները մասնագիտական պրակտիկա են անցնում հանձնաժողովում, ինչպես նաև ներգրավվում որպես փորձնակ՝ հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում