Տարածաշրջանային

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Դամասկոսում հարվածի համար Իսրայելից վրեժ լուծելու որոշումն արդեն ընդունվել է

2 րոպեի ընթերցում

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Դամասկոսում հարվածի համար Իսրայելից վրեժ լուծելու որոշումն արդեն ընդունվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված հարվածի համար Իսրայելից վրեժ լուծելու որոշումն արդեն ընդունվել է, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար և Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի գործող ղեկավար գեներալ Մոհսեն Ռեզային։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Վրեժ լուծելու որոշումն ընդունված է, և այն անպայման կիրականացվի․․․․ Իրանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ այս որոշումը սիոնիստական ​​ռեժիմին կստիպի զղջալ», - ասել է նա Երուսաղեմի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ։

Իրանի 2000 քաղաքներում հանրապետության հիմնադիր այաթոլլա Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիի կողմից ի նշան Պաղեստինի հետ համերաշխության սահմանած տոնի կապակցությամբ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել «Մահ Իսրայելին» և «Մահ Ամերիկային» կարգախոսներով։

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման, որի մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան գեներալ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում