Հասարակական

Լոնդոնում հանդիպել են Հայաստանի և Միացյալ Թագավորության ՊՆ ներկայացուցիչները

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում հանդիպել են Հայաստանի և Միացյալ Թագավորության ՊՆ ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում մարտի 28-29-ը Լոնդոնում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող քննարկումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պաշտպանության նախարարությունից, հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում ՄԹ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ` ՄԹ պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն Փոլ Ուայաթի և պաշտպանության ապահովման տնօրեն Գայ Լեսթերի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ՄԹ համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ ընթացիկ ծրագրերը:

Բրիտանական կողմը ներկայացրել է այդ ոլորտում առկա փորձն ու մեթոդաբանությունը և ՀՀ պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։

Քննարկումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, փորձագիտական և մեթոդական օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում