Քաղաքականություն

Անդամակցության սառեցմամբ պայմանավորված՝ ՀՀ-ն չի միացել Մոսկվայի ահաբեկչության վերաբերյալ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Անդամակցության սառեցմամբ պայմանավորված՝ ՀՀ-ն չի միացել Մոսկվայի ահաբեկչության վերաբերյալ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի միացել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հայտարարությանը, քանի որ երկիրը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ–ում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը հայտնեց, որ հայտարարությանը միանալու առաջարկ հայկական կողմին եղել է, սակայն Հայաստանը մերժել է առաջարկը:

«Հայկական պատվիրակությունը չի միացել այդ հայտարարությանը։ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում»,–ասաց Ղուլյանը:

Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները մարտի 26-ին հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած դաժան ահաբեկչությունը։

Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին ցավակցական հեռագիր էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Նույն օրը նաև Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ էր տարածել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ՝ խիստ դատապարտելով ահաբեկչական գործողությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում