Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյան

5 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Քրուի և միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի համանախագահությամբ և համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ Բրյուսելում մեկնարկել է առաջին միջուկային էներգիայի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանը՝ որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

«Հայաստանը ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հպարտությամբ է միացել COP28-ում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը:

«Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը: Մենք ողջունում ենք գլխավոր տնօրեն Գրոսիի ջանքերը՝ միջուկային էներգիան կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված բարձր մակարդակի քննարկումների առաջին պլան հանելու համար», - իր ելույթում հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում և օգնում է Փարիզի համաձայնագրով Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ «Հայաստանը, հիմնվելով նման փորձի և սահմանված առաջնահերթությունների վրա, որոշել է երկարացնել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ: Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար», - ասաց վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման Հայաստանի թափանցիկ և բաց քաղաքականությունը կշարունակի առաջնորդել երկրի ջանքերը։

Գագաթնաժողովին մասնակցող երկրների և կառավարությունների ղեկավարներն հնարավորություն կունենան կիսվել իրենց տեսլականով միջուկային էներգիայի առանցքային դերի վերաբերյալ և կայուն զարգացման խթանման, ներառյալ դրա ներուժն ամբողջությամբ օգտագործելու ազգային ծրագրերով:

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության Atoms4NetZero նախաձեռնությամբ մեկնարկած գագաթնաժողովի ընթացքում պանելային քննարկումների ժամանակ փորձագետները ցույց կտան, թե ինչպես է նորարարությունն էլ ավելի բարձրացնում միջուկային էներգիայի մրցունակությունը, օգտագործելիությունը և կայունությունը, ինչպես նաև միջուկային էներգիայի ֆինանսավորման և դրա համար հավասար պայմաններ ստեղծելու հնարավորություններն ու մարտահրավերները:

Գագաթնաժողովը տեղի է ունենում 2023 թվականի դեկտեմբերին Դուբայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP28) համաձայնեցված գլոբալ ֆոնդում միջուկային էներգիայի պատմական ընդգրկումից հետո, որը կոչ արեց արագացնել դրա տեղակայումը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ միասին:

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայերեն العربية English Español Русский

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից

Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան

Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում

Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Խաղողօրհնեք Արենիում․ գինու զբոսաշրջության զարգացման հնարավորությունները համայնքում

ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն

Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները

Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել