Տնտեսություն

Տարածաշրջանում իր հնարավորություններով եզակի Երևանի ոսկերչական ֆաբրիկան կարող է ավելի շատ արտադրանք ապահովել

7 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում իր հնարավորություններով եզակի Երևանի ոսկերչական ֆաբրիկան կարող է ավելի շատ արտադրանք ապահովել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ոսկերչական ֆաբրիկան, լինելով Հայաստանի տնտեսության առաջատարներից մեկը և տարածաշրջանում եզակի ձեռնարկություն, ներկայումս աշխատում է իր արտադրական հզորության 10-15 տոկոսի չափով: Գործարանն, ապահովելով արտադրական ամբողջական ցիկլ, ունի արտադրության ծավալները մեծացնելու անհրաժեշտ ներուժ:

Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ ոսկերչության վերջին տարիների շեշտակի աճում շոշափելի ներդրում ունի Երևանի ոսկերչական ֆաբրիկան: Հզոր արտադրական կարողություններ ունեցող գործարանը, վերամշակելով և արտադրելով վերջին տասնամյակներում աննախադեպ ծավալի արտադրանք, դարձավ ոլորտի զարգացման շարժիչը:

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի տնօրեն Բորիս Հովհաննիսյանը նշում է, որ ներկայումս իրենք ամսական արտադրում են մոտավորապես 2 տոննա ոսկի և շուրջ 10 տոննա արծաթ:

«Հնարավորություն ունենք ամսական արտադրել մոտավորապես 15-20 տոննա ոսկե և շուրջ 40 տոննա արծաթե շղթաներ: Ներկայումս աշխատում ենք մեր արտադրական հնարավորությունների մոտ 10-15 տոկոսի չափով: Երևանի ոսկերչական ֆաբրիկան կարող է իրականացնել հանքանյութից մինչև վերջնական արտադրանք ստանալու ողջ պրոցեսը: Կատարվել է շատ մեծ ծավալի՝ շուրջ 30 մլն դոլարի ներդրում, որի շնորհիվ դարձել ենք տարածաշրջանում նմանը չունեցող գործարան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Բորիս Հովհաննիսյանը:

Միջազգային բարձրակարգ տեխնոլոգիաների կիրառման միջոցով ոսկի պարունակող հանքանյութի վերամշակման ծավալների հնարավորությամբ երևանյան ֆաբրիկան դարձավ տարածաշրջանում առաջին նմանատիպ ձեռնարկությունը, որը ունակ է իրականացնել արդյունաբերական ծավալի աֆինաժ՝ ոսկի պարունակող ձուլվածքներից 999.9 հարգի մաքուր ոսկու դուրսբերում:

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի տեխնոլոգիական հնարավորությունները բացառիկ են ոչ միայն հանքանյութից մաքուր ոսկու դուրսբերման աննախադեպ ծավալների կարողությամբ, այլև վերջնական արտադրանքի թողարկման հնարավորությամբ: Այն միակն է տարածաշրջանում, որն արտադրում է ոսկյա զարդերի թաղանթապատման համար կիրառվող ռոդիումապատման լուծույթ: Դա ոսկերչական իրերի արտադրության ցիկլի վերջին օղակն է: Նախկինում դա իրականացվում էր արտասահմանում կամ էլ՝ այլ երկրներից ներմուծված նյութերով։ Փաստորեն, Երևանի ոսկերչական ֆաբրիկան տարածաշրջանի միակ արտադրողն է, որն ի վիճակի է շուկա ներմուծել ամբողջությամբ տեղում արտադրված արդատրանք, այլ ոչ թե զուտ վերամշակված խտանյութ։

Ֆաբրիկան առանձնահատուկ կարևորություն է տալիս բնապահպանական գործոնին. ոսկու վերամշակման ընթացքում օգտագործվող բոլոր թթուներն ու առաջացող գազերն ամբողջապես չեզոքացվում են: Այդ գործընթացն իրականացվում է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան: Փակ համակարգի շնորհիվ արտադրամասից բնության համար որևէ վնասակար արտանետում տեղի չի ունենում։

Անկախ տնտեսագետ Սուրեն Պարսյանը նույնպես ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Երևանի ոսկերչական ֆաբրիկան ունի արտադրողական և արտահանման բավականին լուրջ ներուժ: Նա նշում է, որ պետությունը պետք է աջակցի տեղական արտադրողին:

«Այդ արտադրության և արտահանման պոտենցիալի շատ փոքր մասն է օգտագործվում: Նրանք կարող են ավելի ընդլայնել իրենց գործունեությունը: Շատ կարևոր է արձանագրել. ներդրումները, որոնք իրականացվում են Հայաստանում, ոչ թե ժամանակավոր են, այլ երկարաժամկետ են: Աշխատատեղերը, որոնք ստեղծում են, անշուշտ, սոցիալական նշանակություն ունեն. այս գործարանում մոտավորապես 300 աշխատող կա, աշխատավարձներն էլ բավականին բարձր են: Աշխատողների թվում կան նաև արցախցիներ, որոնք գոհ են իրենց աշխատանքից: Մենք պետք է աջակցենք նման գործարաններին և նրանց գործունեությունը զատել այն կազմակերպություններից, որոնք փորձում են ոսկերչության անվան տակ վերաարտահանում կատարել: Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, այլապես իրական արտադրողին ոչ թե կօգնենք, այլ կվնասենք: Պետք է առաջնահերթ դիտարկենք տեղական արտադրությունը, դրան աջակցելու համար այս ոլորտը պետք է նաև պետական հովանավորչություն ունենա»:

Երևանի ոսկերչական ֆաբրիկան դրսևորելով բարձր սոցիալական պատասխանատվություն՝ աջակցություն ցուցաբերեց նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ կարճ ժամանակում վերապատրաստելով և բարձր վարձատրությամբ կայուն աշխատանքով ապահովելով նրանց։ Այս պահին էլ գործարանը պատրաստ է աշխատատեղեր տրամադրել բռնատեղահանվածներին:

Արցախցի Մխիթար Քոչարյանը ավելի քան մեկ տասնամյակ ծառայելով հայրենիքին՝ այժմ ձուլագործ է Երևանի ոսկերչական ֆաբրիկայում. «Ստաժիրովկա եմ անցել մոտ 2 շաբաթ, հետո սկսել եմ աշխատել: Ստեփանակերտում եղել եմ զինվորական: Շուրջ 12 տարի ծառայել եմ հայրենիքին, եղել եմ Պաշտպանության բանակի սպա: Աշխատանքային պայմանները շատ լավն են, աշխատավարձը՝ գերազանց: Ոչ մի խնդիր չկա»:

Խոշոր տնտեսական ներդրումներն ու դրանց հիմքի վրա երկրի տնտեսությունը զարգացնելը միտված է տեղական արտադրությունը տարածաշրջանում շոշափելի տնտեսական գործոն դարձնելուն: Սակայն, քիչ չեն նաև այն խոչընդոտներն ու բարդությունները, որոնց հանդիպում է տեղական արտադրողը:

«Ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս, որ տեղական արտադրողները, տեղական ձեռնարկությունները զարգանան: Դիցուկ, օրինակ, մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերվող թուրքական շղթաները շուկայում ավելի էժան են, քան տեղական արտադրանքը: Ստացվում է, որ տեղական արտադրողները շուկան թողնում են թուրքական ապրանքին և փորձում են շուկա գտնել դրսում: Գտնում են Ռուսաստանում, ԱՄԷ-ում, Չինաստանում, բայց մենք մեր տեղական շուկան զիջում ենք թուրքական արտադրությանը: Այսինքն, պետք է հետևություններ անենք և երկարաժամկետ քաղաքականություն ունենանք այս առումով»,- գտնում է Պարսյանը:

Ի՞նչ է անհրաժեշտ տնտեսության մեջ հիմնաքարային ոլորտներում առաջընթաց ունենալու համար՝ բարձր ամբիցիաներով ներդրող գործարարներ, որոնք միջազգային շուկայում Հայաստանից մրցունակ արտադրանքի մատակարար կարող են դառնալ, և պետական քաղաքականություն, որը թույլ կտա իրավական կարգավորումներով պաշտպանել օրինական գործունեություն ծավալողներին, վերահսկողություն սահմանել արդար և հավասար մրցակցային շուկայի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում