Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը. ՀՀ ԱԳ նախարարն ուղերձով է հանդես եկել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ ուղերձ է հղել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։

Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին։ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։

Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։

Ազնավուրն ասում էր. «Իմ երկիրը նաև ֆրանսերեն լեզուն է»։ Այս խոսքերը միանգամայն արտահայտում են ֆրանկոֆոնիայի հումանիստական, միավորող ու մշակութային բազմազանությունը խրախուսող բացառիկ բնույթը։

Այս տարի ևս ֆրանկոֆոնիան Հայաստանում մեկ տանիքի ներքո միավորելու է մեր երկրի մշակութային և կրթական գլխավոր դերակատարներին. տասնյակ համալսարաններ, դպրոցներ, թատրոններ, գրադարաններ, մշակութային կենտրոններ երկու ամիս շարունակ խոսելու են ֆրանսերեն, ապրելու են ֆրանկոֆոնիայի գույներով և նշելու են բազմազանության այս բացառիկ տոնը։

Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների գործուն ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու շուրջ 800 մշակութային և ուսուցողական միջոցառումներ։

Ամենայն հաջողություն և անխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»:

Հայերեն العربية Español Français Русский Türkçe

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ