Հասարակական

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսում հանդիպեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսում հանդիպեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

ԳԱՎԱՌ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Գինոսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Վարդենիսում ապաստան գտածները ներկայացրին իրենց որոշակի մտահոգությունները, որոնք վերաբերում էին հաշմանդամության թոշակների, նպաստների հատկացման, փաստաթղթերի ճշգրտման, զբաղվածության, պետական աջակցությամբ նախատեսված բնակարանաշինական ծրագրերի բովանդակության իրազեկման և այլ հարցերի հետ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները շնորհակալություն հայտնեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին, Վարդենիսի համայնքապետարանին ու ողջ բնակչությանն՝ իրենց բոլոր հարցերում օժանդակելու և ջերմ վերաբերմունք ցուցաբերելու համար, հավելելով, որ իրենց այս պահին առավել անհանգստացնում է աշխատանք գտնելու խնդիրը։

Մարզպետ Կարեն Սարգսյանը, պատասխանելով հարցերին՝ շեշտեց, որ ծանոթ է առաջ քաշված խնդիրներին, որոնք կարգավորելու նպատակով օրեր առաջ խորհրդակցություն է անցկացրել մարզի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տնօրենների հետ՝ տալով համապատասխան ցուցումներ։ «Բարձրացված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են, որոնք բոլորն էլ կկարգավորվեն առաջիկայում։ Անգամ Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հետ ձեռնարկում ենք միջանկյալ լուծումներ, որպեսզի ոչ մի ընտանիք դուրս չմնա աջակցությունից և ամենօրյա ուշադրությունից»,-հավաստեց մարզպետը։

Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը հորդորեց արցախցիներին՝ մնալ ու ապրել Վարդենիսում և տուրք չտալ սադրիչ լուրերին, ասեկոսեներին ու խուճապի չմատնվել, այլ շարունակել ինտեգրվել տեղի հասարակությանը՝ Վարդենիսը համարելով իրենց հայրենի տունը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում