Հասարակական

Քաղաքապետ Ավինյանն ԱՄԷ դեսպանին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական խոշոր նախագծերը

2 րոպեի ընթերցում

Քաղաքապետ Ավինյանն ԱՄԷ դեսպանին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական խոշոր նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է գործընկերային հարաբերությունների հաստատումը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի և Դուբայ քաղաքի հետ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը փաստել են, որ առկա է մեծ հնարավորություն՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև խելացի լուծումներ մշակելու համար:

Նշվում է, որ, շնորհակալություն հայտնելով գործակցություն հաստատելու պատրաստակամության համար, դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների ու քաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրեր իրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել նաև քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք ներդրումային հետաքրքրություն կարող են ունենալ էմիրությունների ընկերությունների համար:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքը բաց է գործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են շահավետ ներդրումներ անել Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում