Միջազգային

Հունգարիան վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

2 րոպեի ընթերցում

Հունգարիան վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը ստորագրել և հաստատման ու հրապարակման նպատակով մարտի 2-ին երկրի նախագահի աշխատակազմին է փոխանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը վավերացնող փաստաթուղթը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Հունգարիայի խորհրդարանի մամուլի ծառայությանը։

Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ վերջին երկիրն էր, որի հավանությունն անհրաժեշտ էր, որպեսզի Շվեդիան միանա Հյուսիսատլանտյան դաշինքին: Հունգարիայի խորհրդարանը հայտը հաստատել էր փետրվարի 26-ին: Վավերացմանը կողմ էին քվեարկել գրեթե բոլոր պատգամավորները՝ 188 ընտրյալ: Դեմ էր արտահայտվել վեց խորհրդարանական:

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ դա պատմական օր է իր երկրի համար։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը կառույցին ավելի ուժեղ և ապահով կդարձնի բոլորին:

Շվեդիան և Ֆինլանդիան 2022 թվականին միաժամանակ էին ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը: Ֆինլանդիան դաշինքին պաշտոնապես անդամակցում է 2023 թվականի ապրիլի 4-ից։ Շվեդիայի անդամակցությունը ձգձգվեց այդ հարցում Թուրքիայի և Հունգարիայի կողմից համաձայնության բացակայության պատճառով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը միայն 2024 թվականի հունվարի վերջին հաստատեց դաշինքին Շվեդիայի միանալու արձանագրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում