Միջազգային

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության ռազմավարական կայունության շուրջ

2 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության ռազմավարական կայունության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական կայունության հարցերի շուրջ», - ասել է նախագահը։

Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, Մոսկվան մերժում է Վաշինգտոնի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների հնարավորությունը՝ կտրված Ռուսաստանի ազգային անվտանգության հարցերից։

«Մեր դիրքորոշումը պարզ է: Եթե ցանկանում եք քննարկել ամբողջ մոլորակի համար անվտանգության և կայունության կարևոր, պատասխանատու հարցեր, ապա դա անհրաժեշտ է անել միայն միասնական համալիրում: Բնականաբար, ներառյալ այն բոլոր ասպեկտները, որոնք շոշափում են մեր ազգային շահերը և ուղղակիորեն ազդում մեր երկրի անվտանգության, Ռուսաստանի անվտանգության վրա», - ընդգծել է Պուտինը։

Իր ուղերձում Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ երկրի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիակատար պատրաստության վիճակում:

«Ռազմավարական միջուկային ուժերը լիակատար պատրաստության վիճակում են՝ երաշխավորված օգտագործման համար», - ասել է նա։

Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության բոլոր շահագրգիռ երկրների և միավորումների հետ՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ուրվագիծ ստեղծելու համար։

«Ակնհայտ է, որ անհրաժեշտ է աշխատել այն ուղղությամբ, որ արդեն տեսանելի ապագայում Եվրասիայում ստեղծվի հավասար և անբաժանելի անվտանգության նոր ուրվագիծ։ Մենք պատրաստ ենք այս թեմայով առարկայական զրույցի բոլոր շահագրգիռ երկրների և միավորումների հետ», - ասել է ՌԴ նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում