ՄՈՍԿՎԱ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լքելու մասին հայտարարությանը՝ այն համարելով «հերթական ոչ բարեկամական քայլ»:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան այդ մասին խոսել է փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:
«Համենայնդեպս, դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է նման հայտարարություն արել ՀՀ ԱԺ նախագահը: ՀՀ իշխանությունների կողմից այդ մասին որևէ ծանուցում դեռ չենք ստացել: Մենք, իհարկե, հասկանում ենք «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովի ձերբակալման շուրջ տարածվող խոսակցությունների համատեքստը, սակայն, պետք է վստահեցնեմ, որ ՌԴ պաշտոնական մարմինների կողմից ոչ մի անօրինական քայլ չի արվել: Մենք մշտապես հարգում ենք սուվերեն պետությունների ազգային օրենսդրությունը»,- ասել է Զախարովան:
ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովը ռուս դասալիք է, որը Հայաստանում անհասկանալի հանգամանքներում առևանգվել է ռուս սահմանապահների կողմից և վերադարձվել Ռուսաստան: Այս հարցը հանրային լայն քննարկման է ենթարկվել և որակվել է որպես ռուս իրավապահների կողմից անօրինական գործողություն ՀՀ տարածքում: Խնդրին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մտահոգիչ որակելով Սետրակովի առևանգումը, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ իր անձական կարծիքով՝ «ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից»: