ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված, գնահատված կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում, նրա տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է հեղինակավոր կինոինստիտուտներում, իսկ ժողովրդական սերը չի լքում նրան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փելեշյանը, որի «Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» և այլ յուրահատուկ կինոնկարները հնարավորություն են տալիս բոլորովին այլ հայացքով նայել կյանքին, աշխարհին, փետրվարի 22-ին տոնում է ծննդյան 86-ամյակը:
Ռեժիսորը, որին պարբերաբար հնարավոր է տեսնել Երևանի փողոցներում, մշակութային տարբեր միջոցառումների ընթացքում, չի սիրում հարցազրույցներ տալ, սակայն ելույթներից երբեմն չի հրաժարվում: Ամիսներ առաջ կինոռեժիսորը որոշ դրվագներ պատմեց իր կյանքից:
Ներկայացնում ենք նրա հիշողությունները:
«Շատ տարիներ առաջ ես ապրում էի «Արմենիա» հյուրանոցում: Մի երեկո զանգ պատվիրեցի, որ զրուցեմ Փարաջանովի հետ: Երկար զրուցեցինք, շատ հարցեր քննարկեցինք, անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից: Խոսեցինք ավելի քան մեկ ժամ և երբ անջատեցի հեռախոսը, անմիջապես զանգ եղավ: Փոստի աշխատակցուհին էր, ասաց, որ չի կարող վճար վերցնել, քանի որ իմ և Փարաջանովի զրույցի պես բան կյանքում չի լսել: Նա խնդրեց ծանոթանալ ինձ հետ և հաջորդ օրը եկավ հյուրանոց, որտեղ հանդիպեցինք: Մի առիթով էլ ասաց՝ եթե ցանկանամ զանգել արտերկիր, նա անվճար խոսելու հնարավորություն կտա: Ասացի, որ արտերկրի համարներ չունեմ»,-պատմել էր Փելեշյանը:
Լուսանկարը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից
Մի առիթով էլ ռեժիսորը գնացքով մեկնում է Մոսկվա: «Ուղեկցորդն ինձ ցույց տվեց իմ տեղը, հետո մոտեցավ ու հարցրեց արդյոք նարդի պե՞տք է, ասացի՝ ոչ, հետո կրկին եկավ ու հարցրեց՝ շախմատ պե՞տք է, հետո ծածկոց առաջարկեց: Այդ ընթացքում դուրս էի գալիս միջանցք ծխելու և ուղեկցորդն այնքան ուշադիր էր իմ հանդեպ, որ իմ կողքով անցնող մարդկանց խնդրում էր չաղմկել: Այդպես հասա Մոսկվա»,-հիշել էր նա:
Ուղևորության ավարտին ուղեկցորդն ու իր ընկերը, որը պարզվել է՝ ԱԱԾ-ում լուրջ պաշտոն է զբաղեցրել, ամբողջ ընթացքում փորձել են հասկանալ, թե որտեղ են տեսել Փելեշյանին:
«Դուք մեր կյանքը կերաք, վերջապես հիշեցինք, որ Ձեզ տեսել ենք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում»,-Փելեշյանին հաջողություն մաղթելիս ասել են նրանք:
Արտավազդ Փելեշյանն ուսանելու տարիներին նկարահանել է«Լեռնային պարեկ»(1964),«Մարդկանց երկիրը»(1966),«Սկիզբը»(1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։1969-ին Փելեշյանը նկարահանել է«Մենք»ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ ԿինոռեժիսորՍերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։
2021 թվականի նոյեմբերին Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59) տեղի է ունեցել Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան, իսկ 2022-ին նրա ֆիլմը ցուցադրվել է նաև Հայաստանում:
«Բնությունը» Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։
«...Երկնքի աստղերի նման նա լուսավորում է մեզ անցյալից. նրա անցյալը լուսավորում է մեր ներկան: Ինձ համար Արտավազդ Փելեշյանը մեր ժամանակից դուրս է...»,-նշել է էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Գոթֆրի Ռեջջոն:
Անժելա Համբարձումյան