Կա Ֆրանսիա, որը երախտապարտ է նրանց. Էմանուել Մակրոնը՝ Միսաք և Մելինե Մանուշյանների մասին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկնոջ` Բրիջիտ Մակրոնի հետ ներկա են գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, օրենսդիր մարմինների անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Արարողության ընթացքում ելույթով հանդես է եկել Էմանուել Մակրոնը: Իր խոսքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Միսաք Մանուշյանն ազատ էր, երբ քայլում էր փողոցում և անցնում այս պանթեոնի կողքով։
«Նա պատկերացնում էր, թե ինչպիսին կլիներ իր սիրելի Հայաստանը։ Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին, բայց Մելինեն իր հետ էր բոլոր ոդիսականներում և ապրեցնում էր իրեն: Վերջնական, մշտական ընտրությունն ազատությունն էր: Ընտրեց ընդհատակյա կյանքը, որ ֆրանսիացին ոչինչ չկորցնի իր ազատությունից՝ մշտապես լինելով ազատության արբեցած զինվորը»,- նշել է Մակրոնն` ավելացնելով, որ այսօր կա Ֆրանսիա, որը երախտապարտ է նրանց:
«Միսաք և 23 այլք, և բոլոր այլք, որ հարում էին այս ազատությանը, ի վերջո պատվի արժանացան, սեր և ազատություն՝ ի հավերժություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: