Դեսպանը հայտնեց անվտանգության ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության ուղղությամբ աշխատանքների մասին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Եվրամիությունն ուսումնասիրում են անվտանգության ոլորտում համագործակցելու տարբերակներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցին:
«Մենք հիմա աշխատում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վրա: Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին խնդրել է մշակել տարբերակներ՝ բոլոր ուղղություններով Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման համար: Ընթացքի մեջ գտնվող գործընթացի մասին է խոսքը, վերաբերում է երկու կողմին էլ»,-ասաց Մարագոսը:
ԵՄ դեսպանն ասաց, որ քննարկում են, թե որն է Հայաստանի քաղաքացիների ցանկությունն այս մասով: Նա բավականին կուռ է գնահատում գործընկերությունը՝ ելնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից:
«Մենք Հայաստանի համար շատ բարեփոխումների շատ կարևոր գործընկեր ենք հանդիսանում: Մենք նաև ուսումնասիրում ենք տարբերակներ՝ անվտանգության ասպարեզում համագործակցելու: Խոսքը մասնավորապես Հայաստանի մասնակցության հավանականության մասին է՝ եվրոպական խաղաղության շրջանակին»,-ասաց դեսպանը:
Նա ասաց, որ օրակարգի մշակումն ավարտելուց հետո ՀՀ-ն ու ԵՄ-ն կկարողանան հայտարարություն անել: Մարագոսը կարևորեց, որ ԵՄ-ն արձագանքի Հայաստանի ժողովրդի հավակնություններին:
ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը չի ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող և այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրումներ ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում: