Հասարակական

Հայաստանն իր ուրույն տեղն ունի աշխարհի հնագիտական քարտեզի վրա. Եղեգիսում պեղումների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 30 հազար նմուշ

3 րոպեի ընթերցում

Հայաստանն իր ուրույն տեղն ունի աշխարհի հնագիտական քարտեզի վրա. Եղեգիսում պեղումների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 30 հազար նմուշ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականից Եղեգիսի հովտում պեղումների արդյունքում գտնված մոտ 6000 տարվա վաղեմություն ունեցող դամբարանում հնագետները մինչ օրս հայտնաբերել են 30 հազարից ավելի նմուշ։

OLD03323.jpg (380 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը պատմեց, որ հայտնաբերված գտածոները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն, պատմում են անցումային ժամանակաշրջանի մասին, երբ մարդիկ որսորդ-հավաքչական ապրելակերպից անցել են նստակյաց ապրելակերպի՝ զբաղվելով անասնապահությամբ և երկրագործությամբ:

Կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ Եղեգիս 1 հնավայրում հայտնաբերված նմուշների մեծ մասը պատկանում են ընտանի կենդանիներին. այծեր, ոչխարներ, կովեր: Բայց նաև հայտնաբերվել են վայրի կենդանիների մնացորդներ, ինչը՝ ըստ մասնագետի, փաստում է, որ մարդիկ զուգահեռ զբաղվել են որսորդությամբ:

OLD03320.jpg (347 KB)

Մասնագետները, որոնք իրականացնում են նմուշների ուսումնասիրությունները, նշում են, որ մեթոդները տարբեր են և դրանց ամեն մեկի շնորհիվ հնարավոր է լինում պարզել մի շարք կարևոր և բազմաբնույթ տեղեկություններ այդ դարաշրջանի և տվյալ գտածոյի մասին:

Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով՝ Եղեգիս 1 հնավայրը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային և համաշխարհային արշավախմբերի և տարբեր մասնագետների շրջանում, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանը մշտապես եղել և մնում է հետաքրքիր վայր՝ աշխարհի հնագիտական քարտեզի վրա:

OLD03255.jpg (429 KB)

«Հայաստանի տարածքն այնպիսի դիրքում է գտնվում, որը՝ ըստ մասնագետների, բոլոր ժամանակներում եղել է մարդկանց և կենդանիների միգրացիաների խաչմերուկ»,-ասաց պրոֆեսորը:

Խոսելով Հայաստանի հնագիտական պեղումների միջազգային անդրադարձներից և համագործակցությունից՝ Եպիսկոպոսյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքներ մշտապես են իրականացնում: Իսկ Եղեգիս 1 հնավայրի պեղումների մասին միջազգային ավելի ծավալուն, գիտական և հետաքրքիր հրապարակումներ առաջիկայում շատ կլինեն:

OLD03314.jpg (365 KB)

Եղեգիս 1 հովտում պեղումները շարունակվելու են և կվերսկսվեն 2024 թվականի հուլիսից:

OLD03251.jpg (312 KB)

OLD03301.jpg (335 KB)

Լրագրող՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում