Տարածաշրջանային

Իրանը մտադիր է փակել Աֆղանստանի հետ սահմանը

2 րոպեի ընթերցում

Իրանը մտադիր է փակել Աֆղանստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը երկրի գլխավոր հարցերից է անվանել Աֆղանստանի հետ սահմանի փակումը և հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող Իրանին արգելել իրագործել նման ծրագրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Բրիգադային գեներալ Ամիր Քյումարս Հեյդարին Իրան-Աֆղանստան սահման այցի ժամանակ հայտնել է, որ երկու երկրների սահմանային գոտու փակումը Թեհրանի գլխավոր խնդիրներից մեկն է։

Նա նշել է, որ պլանավորվում է ինժեներական ստորաբաժանումների կողմից երկրի հյուսիս-արևելյան սահմանների 74 կմ երկարությամբ հատվածում իրականացնել արգելափակման աշխատանքներ։

«Կայուն անվտանգության ապահովումը խնդիր է, որն ընկած է զինված ուժերի ուսերին, և այդ կայուն անվտանգությունը երբեմն իրականացվում է անօդաչու թռչող սարքերի կամ տեսախցիկների միջոցով, իսկ երբեմն էլ ֆիզիկական ներկայությամբ՝ սահմանը փակելով։ Հետևաբար, ուրիշները չեն կարող մեզ թելադրել, թե ինչ պետք է անենք մեր սահմանների ներսում», - հավելել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Հեյդարին։

Նա ընդգծել է, որ Իրանը ցանկանում է անվտանգություն ստեղծել իր սահմաններին՝ ըստ իր հայեցողության։

«Մենք ցանկանում ենք փակել մեր սահմանները: Բոլոր երկրներն էլ անում են դա՝ սեփական կամքով և ծրագրով», - ասել է Հեյդարին՝ հավելելով, որ հարևաններից ոչ մեկի հանդեպ դա որևէ անարդարություն չի ենթադրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում