ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1130336.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 14-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող հարցերը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է կրթական հաստատություններում տարբեր ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է երեխաների ներուժի բացահայտումն ու դրա արդյունավետ օգտագործումը։ Պաշտպանը հատուկ շեշտել է մարզերում և նորարարական լուծումների միջոցով իրականացվող ծրագրերի կարևորությունը։
Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր։
Նշվում է, որ հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։