Իրանը ներկայացրել և փորձարկել է ծովային նոր թևավոր հրթիռ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը ներկայացրել և հաջողությամբ փորձարկել են ծովից արձակված նոր թևավոր հրթիռը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նոր թևավոր հրթիռը փորձարկել են Պարսից ծոցի Աբու Մուսա և Մեծ Թոմբ կղզիների տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն նավից հաջողությամբ արձակել է հեռահար բալիստիկ հրթիռ։ Սալամին հավելել էր, որ փորձնական արձակումը զգալիորեն մեծացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական հնարավորությունները՝ թույլ տալով նրան հարվածել ցանկացած թիրախի ամբողջ աշխարհում, քանի որ օվկիանոսային ռազմանավերը կարող են հասնել միջազգային ջրերում ցանկացած վայր: