Հասարակական

Շուրջ 30 ավտոբուսներ շուտով կհամալրեն երևանյան երթուղիները. կայացել է ավագանու հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

Շուրջ 30 ավտոբուսներ շուտով կհամալրեն երևանյան երթուղիները. կայացել է ավագանու հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակայանը համալարվել է ևս 30 նոր մեքենաներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ավագանու հերթական նիստում համայնքին մատակարարված ավտոբուսների շահագործումը հանձնվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրլ է, որ համայնքն ընթացիկ տարում նախատեսում է 8,5 մետրանոց շուրջ 200 ավտոբուս ձեռք բերել, հետագայում՝ նաև 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուս։

«Հաշվի առնելով միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի վերաբերյալ կառուցողական քննադատությունները, առաջարկներն ու հանրային լայն քննարկումները՝ հարցը հանվեց ավագանու նիստի օրակարգից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով, այսուհետ կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի, Քանաքեռի 3-րդ փողոցը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի, Քանաքեռի 8-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի և Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը՝ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ:

Նշվում է, որ Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում