Հասարակական

Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում նշվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-ամյակը

2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում նշվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում փետրվարի 9-ին հանդիսավոր արարողությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «ֆեյսբուք» սոցիալականն հարթակում տեղադրված հաղորդագրությունից:

Միջոցառման շրջանակներում ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ՊՆ Զինված ուժերի ներկայացուցիչ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը, ով իր խոսքում նշել է ներկայիս անվտանգային զարգացումների համատեքստում ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների անխուսափելիությունը, կարևորելով միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-Հունաստան և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափերով:

Նա ընդգծել է նաև Հունաստանի ռազմական կրթական հաստատություններում հայ կուրսանտների առկայությունը ՀՀ ԶՈՒ բարեփոխումների գործում վերջիններիս առաքելության համատեքստում:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, որը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձը:

Դեսպանն ընդգծել է, որ հայկական բանակի վերակազմավորումը, արդիականացումը և տեխնիկական հագեցվածությունն անխուսափելի են։

«Բարեփոխումների ճանապարհով բանակի վերակազմավորումը հետապնդում է Հայաստանի անվտանգության ապահովման նպատակ, ինչը հետևողական և ժամանակատար աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվի»,- ասել է նա:

Նա նշել է նաև, որ Հունաստանի և Կիպրոսի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մեծ կարևորություն ունի, քանի որ Հայաստանը կարիք ունի վստահելի գործընկերների։

Ներկաները վայելել են հունահայ Միհրան Ցալիկյանի գլխավորած փողային նվագախմբի կատարումներ`նվիրված Հայաստանին և հայկական բանակին։

Միջոցառմանը հաջորդել է հայկական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում