Տարածաշրջանային

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի բանակի հարվածները Իրաքի և Սիրիայի տարածքներում

2 րոպեի ընթերցում

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի բանակի հարվածները Իրաքի և Սիրիայի տարածքներում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳՆ-ն կտրականապես դեմ է արտահայտվել Իրաքի և Սիրիայի տարածքներին հասցված ամերիկյան հարվածներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Իրանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ-ն նման միջադեպերի շարունակությունն անվանել է սպառնալիք տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար։

«Սա ամերիկյան կառավարության հերթական ռազմավարական սխալն է, որն այլ արդյունք չի ունենա, քան տարածաշրջանում լարվածության և անկայունության սրումը», - ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ քննադատական հայտարարություններով հանդես էին եկել Սիրիան և Իրաքը։

Միացյալ Նահանգներն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորդանանում իր ռազմակայանի դեմ իրականացված հարվածներին պատասխանելու նպատակով հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և նրա հետ կապված ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախների Իրաքում և Սիրիայում։

Ըստ ԱՄՆ բանակի՝ ամերիկյան օդանավերի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստարաններ, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դաշնակից ուժերի համար զինամթերքի մատակարարման շղթաների շահագործումն ապահովելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում