Կարծիքներ

Արևմուտքը Հայաստանին աջակցող հայտարարություններից անցել է գործնական քայլերի․ քաղաքագետի վերլուծությունը

7 րոպեի ընթերցում

Արևմուտքը Հայաստանին աջակցող հայտարարություններից անցել է գործնական քայլերի․ քաղաքագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից այդ կառույցում Ադրբեջանի լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը միանշանակ սպասելի էր, որովհետև Ադրբեջանն իր վարքագծով ասոցացվում է բռնատիրական երկրի հետ, որի քաղաքականությունը քաղաքակիրթ աշխարհի կողմից վարվող քաղաքականության հակոտնյան է։ Բաքվի հիմնական մոտեցումների հանրագումարը Հայաստանի պետականության լիակատար ոչնչացման քաղաքականության առաջմղումն է տարածաշրջանում, որն էլ փորձում են սպասարկել Ադրբեջանի իշխանությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ի որոշմանն ու հարավկովկասյան զարգացումներին։

«Քաղաքակիրթ աշխարհն ակնկալիքներ ունի, հետևաբար փորձելու է ադրբեջանական կողմի քաղաքականությունն ուղղորդել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված սկզբունքների արժեհամակարգին համահունչ, իսկ Ադրբեջանը ձգտելու է չեզոքացնել բոլոր այն հնարավորությունները, որոնք միտված են Հայաստանի դիմադրողականության ամրապնդմանը»,- ասաց քաղաքագետը։

Սիմոնյանի կարծիքով՝ ոչ թե Եվրոպան է խզում հարաբերություններն Ադրբեջանի հետ, այլ հակառակը։ Եվրոպան մինչև 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները փորձում էր կոմպլեմենտարիզմի համատեքստում դիտարկել հարաբերություններն ու տարածաշրջանային իրողությունները, որպեսզի Ադրբեջանը չգնար դեպի ռուսական ազդեցության տիրույթ, սակայն իրականում հենց Ադրբեջանն է կողմնորոշվել, որովհետև քաղաքակիրթ աշխարհը նրա առջև պահանջներ էր դրել, որոնց թվում ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումն է, Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության իրավունքների հարգումն ու Ադրբեջանում իշխանափոխության հնարավորության ընձեռումը, սակայն այդ պահանջներն, ըստ քաղաքագետի, կարմիր գծեր են նախագահ Իլհամ Ալիևի համար։

«Սա դրդեց Ադրբեջանի ղեկավարին ավելի կոշտ քաղաքականություն վարել Եվրոպայի և առհասարակ հավաքական Արևմուտքի նկատմամբ։ Պաշտոնական Բաքուն հետաձգում է ԱՄՆ-ի նոր արտակարգ և լիազոր դեսպանի ընդունումը, Ալիևը հրաժարվեց ընդունել միջնորդ բանագնաց Լուիս Բոնոյին, Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցիչներին արտաքսեցին երկրից, մեկի նկատմամբ հարուցեցին քրեական գործ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի խաղարկային ընտրությունների առթիվ էլ Եվրոպան փոխադարձ քայլ կատարեց ու հրաժարվեց դիտորդներ ուղարկել։ Փաստորեն կողմնորոշվել է հենց Ադրբեջանը, իսկ Եվրոպայի քայլերը միայն արձագանքն են Բաքվի կողմից վարվող քաղաքականության։ Հայաստանն այսուհետ շատ ավելի խորը, համապարփակ և կամային քաղաքականություն պետք է վարի, որպեսզի կարողանա վանել Ադրբեջանի ագրեսիան»,- նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ներհայաստանյան քաղաքագիտական խոսույթում առկա են երկու պատրանքային մոտեցումներ։ Առաջինն այն է, որ չափազանցվում է Եվրոպայի համար ադրբեջանական էներգակիրների կարևորությունը, մինչդեռ պետք է չմոռանալ, որ Հին աշխարհամասի համար ադրբեջանական էներգակիրների ծավալները խիստ սահմանափակ են։ Խոսվում է տարեկան մոտ տասը միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման մասին, որը հազիվ թե միայն Իտալիայի և Բալկանյան երկրների կարիքները կարողանա բավարարել։ Բացի այդ, ուկրաինական պատերազմի ժամանակ վնասվեցին «Հյուսիս-Հարավ» երկու խողովակաշարերը, որոնցից յուրաքանչյուրը 53 միլիարդ խորանարդ մետր գազ էր ներմուծում Եվրոպա, սակայն վերջինս կարողացավ անգամ դրանից հրաժարվել։

«Երկրորդ կեղծ մտայնությունն այն է, որ Եվրոպան հայտարարություններից այն կողմ չի գնա, մինչդեռ պետք է գիտակցենք, որ արդեն իսկ տեղի են ունեցել այնպիսի իրողություններ, որոնք երեք-չորս տարի առաջ կարող էին ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Առաջինը Եվրոպական դիտորդական առաքելության հիմնումն ու հետագա ընդլայնումն էր Հայաստանում, որի թվաքանակի ու տեսակարար կշռի մեծացումը խաղաղության և հավասարակշռության կարևորագույն բաղադրիչն է մեր տարածաշրջանում։ Երկրորդ գործոնը արևմտյան տեխնոլոգիաների վրա հիմնված սպառազինությունների շուկայի բացումն է Հայաստանի համար։ Քննարկվում է նաև Լենդ-լիզի համակարգով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցը։ Դա ենթադրում է ոչ միայն գումարի դիմաց զինտեխնիկայի հատկացում, այլև դրամաշնորհների, վարձակալության ու նվիրատվության միջոցով սպառազինության տրամադրում և ներմուծում Հայաստանի Հանրապետություն»,- ասաց քաղաքագետը։

Սիմոնյանը շեշտեց, որ իրավաքաղաքական առումով թե՛ամերիկյան 907 բանաձևը, թե՛ Ֆրանսիայի սենատի կողմից Ադրբեջանի նկատմամբ հաստատված պատժամիջոցների փաթեթը, թե՛ ԵԽԽՎ-ի վերջին որոշումը ռեալ քայլեր են, այսինքն՝ մենք ոչ միայն լսում ենք հայտարարություններ, այլև տևական ժամանակ տեսնում ենք դրանց զուգահեռ իրականացվող կոնկրետ գործողություններ, որոնց տեսակարար կշիռն անընդհատ ավելանում է։

«Ցավոք, Արևմուտքի քաղաքականությունը չի զսպի Ադրբեջանին։ Մեր փորձից գիտենք, որ պատերազմում հաղթանակը սովորաբար հաղթողին կտրում է իրականությունից, ու, թեև այն ադրբեջանական կողմին տվել է պատրանքային նոր ակնկալիքների հիմք, սակայն Արևմուտքի օժանդակությունը միանշանակ Հայաստանին կօգնի։ Պետք է իրատես լինել և պատրաստվել վատթարագույն տարբերակին, երբ բախումն, այնուամենայնիվ, անխուսափելի է։ Կասկածից վեր է, որ Արևմուտքի օժանդակությունը բարձրացնում է մեր երկրի դիմադրողականության աստիճանը, և Ադրբեջանն էլ գիտակցում է, որ հեշտ ու հանգիստ չի կարող գալ ու գրավել Հայաստանի տարածքները։ Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակելու է ագրեսիվ պահվածք դրսևորել»,- ասաց Սիմոնյանը։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Բաքվի գլխավոր դաշնակիցը, քաղաքագետի կարծիքով, կտրամադրի օժանդակություն, սակայն ուղղակիորեն չի միջամտի հայ-ադրբեջանական հակամարտությանը, որովհետև այսօրվա Թուրքիան 2020 թվականի երկիրը չէ, որն այժմ չափազանց մեծ տնտեսական խնդիրներ ունենալով՝ ապավինում է բացառապես Արևմուտքի օժանդակությանը։ Անկարան ի վերջո վավերացրեց Ֆինլանդիայի, այնուհետև Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ սպասարկելով նույն Արևմուտքի շահերը։

«Արևմտյան երկրների ֆինանսատնտեսական աջակցությունը Թուրքիային զերծ կպահի ուղղակի միջամտությունից, և, եթե մենք կարողանանք այդ անուղղակի ագրեսիան կասեցնել, ապա Հայաստանը հնարավորություն կունենա ոչ միայն իր վարկը, այլև իր ժողովրդի շահերն ու իրավունքները վերականգնել Հարավային Կովկասում»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան

Տեղադրություն

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները

Հայաստան

Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

Սպորտ

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում