Տարածաշրջանային

Իրանն ու Թուրքիան տասը համաձայնագիր են ստորագրել համագործակցության շուրջ

2 րոպեի ընթերցում

Իրանն ու Թուրքիան տասը համաձայնագիր են ստորագրել համագործակցության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ու Թուրքիան տասը փաստաթուղթ են ստորագրել համագործակցության շուրջ` առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 24-ին Անկարայում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ։

Համագործակցության համաձայնագրերն ընդգրկում են տարբեր բնագավառներ, ինչպիսիք են երկաթուղին, էներգետիկան, համատեղ առևտրային գոտիները և կապը:

Ռայիսին և Էրդողանը հանդիպման ժամանակ քննարկել են, այդ թվում, տարածաշրջանային զարգացումները, հատկապես՝ Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի հետևանքները, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար:

Առանձնազրույցից հետո երկու երկրների նախագահները մասնակցել են նաև Իրանի և Թուրքիայի առևտրատնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նստաշրջանին, որտեղ նրանք պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը նաև տնտեսության, անվտանգության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում։

Մամուլի ասուլիսում նախագահ Ռայիսին հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան ունեն զգալի ներուժ, որը կարելի է օգտագործել բոլոր բնագավառներում հարաբերությունների զգալի ընդլայնման համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, երկու նախագահները նաև համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, իսկ 3+3 երկխոսության մեխանիզմը գնահատելով որպես անդամ երկրների միջև խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության հարմար հարթակ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում