Մշակույթ

ԿԳՄՍ նախարարն այցելել է Զանգակատուն և ծաղիկներ խոնարհել Պարույր Սևակի շիրիմին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն այցելել է Զանգակատուն և ծաղիկներ խոնարհել Պարույր Սևակի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակի օրը՝ հունվարի 24-ին այցելել է գրողի ծննդավայր՝ Զանգակատուն ու ծաղիկներ խոնարհել նրա հիշատակին: Նախարարին ուղեկցել են փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ըստ Սևակ Ղազարյանի՝ ցուցասրահի պատին նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ Պարույր Սևակին նվիրված որմնանկարն է, որում ներկայացված են գրողի կյանքի և ստեղծագործության կարևոր շրջափուլերը։ Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պարույր Սևակի՝ երևանյան բնակարանի աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցա­նմուշնե­րով։

038A1691.JPG (1.32 MB)

Նախարարը հետաքրքրվել է տուն-թանգարանի գործունեությամբ և առաջիկա ծրագրերով: Տեղում քննարկվել են թանգարանի միջավայրում տարբեր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, այն թե՛ համայնքային կյանքի աշխուժացման, թե՛ ստեղծագործական կենտրոն դարձնելու հեռանկարները:

038A1715.JPG (1.62 MB)

Հունվարի 24-ից մեկնարկել են Պ. Սևակի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները. ժամը 13:00-ին Պարույր Սևակի տուն-թանգարանում ելույթ են ունեցել Գոռ Սուջյանը, «Կադանս» անսամբլը, Համազգային թատրոնի երիտասարդական խումբը: Ժամը 19:30-ինՍոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա Պ. Սևակի համանուն ժողովածուի «Մարդը ափի մեջ» ներկայացումը (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան):

Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կընդունի նաև «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի հաղթողներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում