Հասարակական

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Ղազախստանի ՊՆ-ում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի պաշտպանության նախարարի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած գրառումից, արարողությունից հետո մեկնարկել է Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հետ հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-ին պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում