Տարածաշրջանային

Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասի, Գազայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2 րոպեի ընթերցում

Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասի, Գազայի և Մերձավոր Արևելքի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախարարական նիստերի շրջանակներում բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը:

Բանակցությունների ընթացքում Լավրովն ու Ֆիդանը հաստատել են քայլերի համակարգման անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում սուր խնդիրների լուծման համար։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել մի շարք միջազգային հարցերի շուրջ: Վերահաստատվել է մեր երկրների քայլերի համակարգման անհրաժեշտությունը տարածաշրջանային սուր խնդիրների, առաջին հերթին՝ Գազայի հատվածում, Սիրիայում, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում և Սևծովյան գոտում, ինչպես նաև Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով», - նշել են նախարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ում նաև հայտնել են, որ նախարարները «շոշափել են էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքը և քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը»։

«Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հրատապ հարցերը։ Ընդգծվել է համատեղ աշխատանքի շարունակման կարևորությունը փոխշահավետ կապերի պահպանման և հետագա ընդլայնման նպատակով», - նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Լավրովը ՄԱԿ-ում հանդիպել է Իրանի, Լիբանանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում